fip.am: Օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակը» ««Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել» վերնագրով հոդվածում անդրադարձել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարություններին և փորձել ստուգել դրանք։
ՀԾԿՀ նախագահը իր հարցազրույցում մասնավորապես, ասել էր․ «պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները չքացել են» ու չէր մանրամասնել՝ ինչի մասին է խոսքը։ FIP.am-ի լրագրողն էլ, փորձելով ստուգել այս հայտարարությունը, գնացել էր ՀԷՑ ու այնտեղից ստացել 2019 թվականից 2025 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում իր բնակարանի սպառած էլեկտրաէներգիայի ամսական ծախսերի գրաֆիկը։ Մի քանի էջանոց այդ աղյուսակում բաժանորդը կարող էր տեսնել իրեն անհրաժեշտ ամսական ցուցմունքները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից կապվել են «Փաստերի ստուգման հարթակի» հետ և պատրաստակամություն հայտնել բացատրել՝ ՀԷՑ-ում ինչպե՞ս է աշխատում համակարգը, ի՞նչ տվյալներ են ջնջվել, վերականգնվե՞լ են դրանք ի վերջո, թե՞ ոչ, որքա՞ն ռիսկային է դրանց կորուստը։
Ինչպե՞ս է աշխատում համակարգը
ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և ավտոմատացված համակարգերի սպասարկման դեպարտամենտի պետ Միքայել Կուդոյանը համակարգում աշխատում է 2002 թվականից, ասում է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն օգտագործում է մի քանի համակարգեր, որոնցից մեկը «Պիրամիդան» է, մյուսը՝ բիլինգային համակարգը։
«Պիրամիդան» ՀԷՑ-ում օգտագործվող օպերացիոն-տեղեկատվական համակարգ է (ՀԷՑ-ում ներդրվել է 2017 թվականից)՝
- սպառողների տվյալները վարելու,
- հաշվիչների ցուցմունքները մուտքագրելու,
- տեխնիկական փաստաթղթերը պահպանելու,
- ներքին աշխատանքները կառավարելու համար։
Ավելի պարզ, ըստ Կուդոյանի, «Պիրամիդան» ավելի շատ տվյալների և օբյեկտների՝ հաշվիչ, բաժանորդ, հասցե կառավարման գործիք է։ Այս համակարգում ընդգրկված է 700․000 հաշվիչ։
Իսկ բիլինգային (billing) համակարգն արդեն վերաբերում է ֆինանսական հաշվարկներին (2002 թվականից)՝
- սպառված էլեկտրաէներգիայի գումարի հաշվարկ,
- հաշիվ-ապրանքագրեր,
- պարտքեր, վճարումներ, կցված վճարային պատմություն։
Սա հաշվարկային և վճարային համակարգ է, և ՀԷՑ-ում բոլոր ֆինանսական փաստաթղթերը դուրս են գալիս բիլինգային համակարգի միջոցով։
«Պիրամիդա» համակարգում օպերացիոն գործողությունների արդյունքում, ըստ Միքայել Կուդոյանի, հնարավոր է վերլուծել տվյալները և սպառողներին տալ մասնագիտական բացատրություն՝ ինչպես ու ինչ ծավալով է օգտագործվել էլեկտրաէներգիան։
Ի՞նչ տվյալ է ջնջվել
Ամեն տարի հունվարի 1-ին ՀԷՑ-ում տվյալների հավաքագրում է իրականացվում, այսինքն՝ բոլոր սպառողների համար հասանելի են դարձնում սպառման ծավալների ու հաշիվների մասին ինֆորմացիան։ 2025 թվականի հունվարի 2-ին տեխնիկական խնդիր են նկատել՝ 700 հազար հաշվիչից որևէ տվյալ չի հավաքագրվել սերվեր («Պիրամիդա» համակարգ), և վերլուծությունները ցույց են տվել, որ խնդիրը տվյալների բազայի հետ է կապված եղել։ Մասնագետների հետ քննարկումների արդյունքում որոշել են նոր տվյալների բազա ստեղծել, որտեղ կմուտքագրվեն 2025 թվականի հունվարի 1-ին գրանցված տվյալները և հետո փորձել հասկանալ՝ ինչպես վարվել դրանից առաջ եղած տվյալների հետ։
«Երբ արդեն նոր բազան ստեղծվում էր, զուգահեռ հին բազան ջնջվեց, և արդյունքում 2018 թվականից հետո եղած ամբողջ ինֆորմացիան, տվյալները կորան, անհետացան»,- ներկայացնում է Միքայել Կուդոյանը։
«Պիրամիդայի» Բաշխման էլեկտրաէներգիայի ավտոմատացված համակարգում (Smart Metering System/АСКУЭ) ներառված են սպառողի օգտագործած էլեկտրաէներգիայի օրական ու ամսական ցուցմունքները, ծախսերը, նրանց կեսժամային սպառումները, էլեկտրական հաշվիչի լարումները որոշակի ժամանակահատվածով, նաև՝ հոսանքազրկումները։
Այս համակարգն անմիջականորեն կապված է բիլինգային համակարգի հետ և յուրաքանչյուր ամսվա մեկին վերոնշյալ տվյալները արտագրվում են բիլինգային համակարգի մեջ։ Բիլինգային համակարգի տվյալները, ՀԷՑ-ից ևս ասում են՝ չեն ջնջվել, և ցանկացած սպառող կարող է գնալ ՀԷՑ-ի մասնաճյուղեր ու ստանալ իր ամսական ցուցմունքները (ինչը արել էր FIP.am-ի լրագրողը–խմբ․)՝ նույնիսկ 2002 թվականից։
Նկատենք, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի նախկին տեղակալ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, որ «տվյալները վերականգնվել են» և մարդիկ կարող են ՀԷՑ-ից ստանալ այդ ինֆորմացիան, վերաբերել է հենց բիլինգային համակարգում եղած ամսական տվյալներին։
«Իսկ, օրինակ, եթե դուք ուզենաք տեսնել 2023 թվականի ասենք հոկտեմբեր ամսվա որևէ օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի ձեր ժամային ծախսը, չեք կարող, քանի որ դա ջնջված է»,- նշում է մասնագետը։
Մասնագետներին հաջողվել է վերականգնել 2024 թվականի հոկտեմբերից հետո եղած կեսժամային տվյալները․ հաշվիչներում ինֆորմացիան պահպանվում է 90-100 օր։ Ավելին վերականգնել չի հաջողվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

