ԱԺ արտահերթ նիստում քննարկվել եւ ընդունվել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը

ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:

Ազգային ժողովից հաղորդում են՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի տեղեկացմամբ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին: Նշվել է, որ կողմերը ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները` նման հնարավոր հետագա մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրում յուրաքանչյուր որոշակի դեպքում` յուրաքանչյուր գործողության համար այդ պայմանները սահմանելու փոխարեն:

Հիմնական զեկուցողի խոսքով համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ գործընկերության օրակարգը համալրվել է նաեւ անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությամբ` համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով եւս համագործակցության խորացման եւ հետագա ընդլայնման համար:

2025 թվականի հունիսի 30-ին ԵՄ-ից ստացվել է ծանուցում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` համաձայնագրում անորոշություններ կան` կապված համաձայնագրով նախատեսված համագործակցության որոշ դրույթների հետ: Նա հայտնել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արման Եղոյանը` անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ մտահոգություններին:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը և սպառելով օրակարգը` ավարտել արտահերթ նիստի աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն