Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրել է մամուլիս ասուլիս, որի ընթացքում անդրադարձել է իր անձի շուրջ ստեղծված իրավիճակին:
Խոսելով շրջանառված տեսագրությունների վերաբերյալ, որոնք վերագրվում էին իրեն և իր ընտանիքի անդամներից մեկին, Սրբազանը ևս մեկ անգամ հերքեց դրանք՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով 4 հանգամանք:
Առաջինը նա նշեց այն, որ շրջանառված տեսագրությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, և, նրա խոսքով, Քննչական կոմիտեն էլ ընդունում է, որ դրանք ապօրինի տեսագրութուններ են. «Ոչ ոք չկա, որ ասի, որ ինքն է արել, հորինել այդ տեսագրությունները, եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը»:
Որպես երկրորդ հանգամանք նա նշեց, որ չկա գործով անձ, որ հաստատի, որ դա այդպես է, և՛ ինքը, և՛ իր ընտանիքի անդամը հերքել են այն:
Երրորդը նա նշեց, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ իշխանությունը հատկապես ընդդմիադիր հայացքներ ունեցող եկեղեցականների շուրջ արշավ է իրականացնում, և եթե ինքը հավանություն տար Նիկոլ Փաշինյանին, այժմ այս ամենը չէր լինի:
Որպես չորրոդ հանգամանք նա նշեց այն փաստը, որ ՔԿ-ում հարուցված քրեական գործի շրջանակում իրեն հրավիրել են հանդիպման և տեղեկացրել են, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք չի կարելի իրազեկել, բայց փաստորեն այդ արգելքը վերաբերում էր միայն իրեն և ոչ իրենց, և հանկարծ պարզվում է, որ այդ գաղտնիքը հայտնվում է 3-րդ, 4-րդ անձի մոտ: Նա հիշեցրեց իր պաշտպան Արսեն Բաբայանի հայտարարությունը ՔԿ-ում իրականացված փորձաքննության մասին, որը, նրա խոսքով, ենթադրաբար փոխանցվել է եպիսկոպոսներից մեկին:
Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը, և «նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»:
Արշակ սրբազանը նաև նշեց այն հանգամանքը, որ գործը պետք է հարուցվեր ոչ թե իր անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իր նկատմամաբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով. «Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ, խախտված չէ նաև իմ ընտանիքի որևէ անդամի կյանքի գաղտնիության իրավունքը»:
Նա հայտնեց, որ իր քեռու կինը ևս կանչվել է Քննչական կոմիտե:
Ապա Արշակ Սրբազանն ասաց, թե ինքը ինչ կարող էր անել այս պարագայում՝ կա՛մ դադարեցնել իմ ծառայությունը, և դրանով «ջուր լցնել այս ջրաղացին», կամ շարունակել պաշտոնավարությունը, ինչը, իր խոսքով կնշանակի, որ բացարաձակապես արհարամարհում է հանրային ընկալումները:
Նա ընդգծեց, որ չի պատրաստվում դիմել ծառայությունը դադարեցնելու, միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում:
«Բայց կարող է հասնել պահը, որ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, և եթե ես եմ խանգարողը հարցի օբյեկտիվ քննությանը, իհարկե, ես ցանկացած լուծումի պատրաստ եմ, բայց դա ես պետք է գնահատեմ»,- հավելեց նա:
Արշակ Սրբազանը նաև նշեց, որ եկեղեցական իշխանությունը կարող է գնահատել՝ իր պաշտոնավարման դադարեցումն անհրաժեշտ է, թե ոչ:
«Ըստ էության առաջարկվել է, որ ես ծառայությունս դադարեցնեմ, այսպես ասած, խափանման միջոց է կիրառվում: Նպատակն այն է, որ ես հնարավորություն չունենամ ազդելու հանձնաժողովի օբյեկտիվ քննությանը, որի հնարավորությունը ես չունեմ, կամ այն չի նվազելու, եթե ես դադարեցնեմ պաշտոնավարությունը:
Երկրորդը խափանման միջոցը կիրառվում է, որ մարդը հնարավորություն չունենա գործելու նույն հանցանքը: Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ և այլն: Եթե իմ պաշտոնավարումը դադարեցնում եք, ես հնարավորություն եմ ունենում նույն մեղքը գործելու: Ուրեմն՝ նպատակը զուտ քարոզչական է:
«Այս պահին չեմ տեսնում անհրաժեշտություն ոչ միայն պաշտոնավարությունս դադարեցնելու, այլև կարգս թողնելու համար»,- ասաց Արշակ սրբազանը՝ տեղեկացնելով, որ դեպքը քննելու համար Մայր Աթոռում հանձնաժողով ստեղծելու առաջարկը արել է հենց ինքը:
Ավելի վաղ մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածվել էր 13 եպիսկոպոսների վերագրվող նամակ, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Ըստ հրապարակումների՝ նոյեմբերի 25-ին ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն ու, իբրև թե եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։
Մայր աթոռից ավելի ուշ հայտարարել էին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցի քննության համար ձևավորվելու է նոր հանձնախումբ, որը քննարկելու է նաև Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։