civilnet.am։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանի հասարակական տրանսպորտի 36 կանգառասրահներում տեղադրել ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանակացույցը ցուցադրող էլեկտրոնային սարքավորումներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ «Յանդեքս» ու «2GIS» հարթակների միջոցով ուղևորներին հասանելի է երթուղիների որոնման ու տրանսպորտի ժամանման րոպեները տեսնելու հնարավորությունը:
«Մինչ այս, պիլոտային ռեժիմով նման սարքավորումներով կահավորվել էին վեց կանգառասրահներ: Ծրագրի ընդլայնման համար արդեն իսկ ներկրվել են 30 լրացուցիչ սարքավորումներ, որոնք այս պահին մաքսազերծման փուլում են, որին կհետևեն փորձարկումը, տեղադրումը և գործարկումը»,- ասաց Մանուկյանը:
Մանուկյանն անդրադարձավ նաև կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ բողոքներին, որտեղ տվյալների ցուցադրման «Յանդեքս» հարթակի միջոցով որոշ դեպքերում շեղումներ են առաջացել:
«Այս պահին ևս մեկ այլընտրանքային հարթակի՝ «2GIS»-ի միջոցով ենք այս փորձարկումն անում, կընտրենք լավագույն տարբերակը, ամենաճշգրիտ տարբերակը և դա կցուցադրենք»,- նշեց նա: