Ընդդիմադիրները պահանջում են հրապարակել հիվանդությունների ցանկը. ԱԺ-ն քննարկում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

ՀՀ ԱԺ լիագումար նիստում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Այն ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա, ընդգծելով փաթեթի կարևորությունը, նշեց,     որ ապահովագրությունը ներդրվելու է փուլային մոտեցմամբ՝ երեք տարվա ընթացքում։

Առաջին փուլում ապահովագրվելու են երկու խմբեր՝ պետության կողմից ապահովագրվող անձինք՝ մինչև 18 տարեկանները, 65 և ավելի տարիք ունեցողները, 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք (I, II, III խմբեր), սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։

Ավանեսյանի խոսքով՝ 2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ 

Տարեկան փաթեթի արժեքը սահմանվել է 129 600 դրամ, իսկ վճարումները կկատարվեն ամսական կտրվածքով՝ 10 600 դրամ։ 

  • 2026թ.-ի վճարման բեռը մեղմելու համար պետությունը 200 000-ից 500 000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա 5500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած  4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը: 2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ ետ ստանալ 6000 դրամ
  • 500 000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտրվի 7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը: 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ ետ ստանալ 4000 դրամ: 
  • 1մլն. դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա  2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով ետ ստանալ 4000 դրամ:

 

Ավանեսյանը, պատասխանելով ՔՊ խմբակցության պատագամավոր Լուսինե Բադալյանի հարցին, ասաց, որ մասնավոր ապահովագրության փաթեթ ունեցող անձինք ևս պետք է ունենան պետական բազային ապահովագրական փաթեթ, բայց միաժամանակ կարող են օգտվել մասնավոր ապահովագրության միջոցով տրամադրվող հավելյալ ծառայություններից: Նա այս համատեքստում ընդգծեց, որ նոր համակարգ, ենթակառուցվածք է ներդրվում Հանրապետությունում, որը պետք է ներառի ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ ռեզիդենտ քաղաքացիներին:

Հարցին, թե ինչու է 65-ը ընտրվել որպես նախնական շեմ, Ավանեսյանը պատասխանեց, որ այս պահին բյուջեով դա է հնարավոր:

Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը դիտարկում արեց, որ թվեր չի հնչեցրել նախարարը՝ ընդգծելով, որ ապահովագրության մեջ ներառվող անձանց բուժօգնությունը այս պահին գործող օրենսդրությամբ էլ անվճար է:

Առողջապահության նախարարը նախ հիշեցրեց, որ մինչև 18 տարեկաննրը պետական պատվերի շահառու են դարձել հենց իրենց իշխանության գալուց հետո, ապա ասաց, որ նրանց թիվը 700 հազար է, և որ նրանց համար փոփոխվելու են բժշկական ծառայությունների շրջանակը, նաև փոխհատուցման գները: Իսկ 65+ տարիքի անձինք 400 հազարից ավելի են: Ավանեսյանի խոսքով՝ այս 400 հազարի մեջ չեն մտնում հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք մինչ այս էլ պետական պատվերի շահառու էին:

Ղազարյանը ասաց նաև, որ Ավանեսյանը ներկայացնի ծառայությունների ցանկը, որից կարող են օգտվել քաղաքացիները:

Ավանեսյանը նշեց, որ այն ներկայացնելու համար 3 ժամ կպահանջվի. «Դրանք ոչ միայն ցանկեր են, այլև դասակարգումներ, թե որ ծառայությունը որ օղակում պետք է ստացվի և այլն»:

Նախարարը խոստացավ, որ քաղաքացիները հասանելիություն ունենալու են փաթեթում ներառված ծառայություններին:

Ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե կոնկրետ երբ ու որտեղ է հրապարակվելու հիվանդություններից ցանկը՝ Ավանսեյանն ասաց. «Փաթեթը և դրան հարակից բազմաթիվ ենթաօրենսդարական ակտեր արդեն պատրաստ են նախագծերի տեսքով, նախագծի ընդունվելուց հետո կդրվեն Կառավարության քննարկմանը և կընդունվեն: Դրանից հետո կհրապարակվեն, և ցանկերը հասանելի կլինեն Armed հավելվածում»:

Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, որ ինչու է անվանվում համընդհանուր, եթե կոնկրետ թվով մարդիկ են ներառվում փաթեթում, Ավանեսյանը հիշեցրեց, որ փուլային ներառման արդյունքում այն վերաբերելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին:

«Համընդհանուր է, որովհետև ներառելու է բոլորին, բայց ամեն անհատի ամբողջական հնարավոր առողջական կարիքները հնարավոր չէ բավարարել բազային փաթեթում: Մեր նպատակն է, որ ամեն քաղաքացի այս համակարգի շնորհիվ իրեն առաջնակի, առաջնահերթ, անհրաժեշտ, կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող վիճակներում ստանա բժշկական օգնություն»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն