pastinfo.am։ Առողջապահության ապահովագրության ներդրման հետ կապված մեկ պարզ հարցի պատասխան ես այդպես էլ չկարողացա ստանալ, դուք ի՞նչ հիմնական հարց եք ցանկանում լուծել սրանով, ի՞նչ եք ուզում անել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարության ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
«Դուք մի կողմից ասում եք, որ սա հեղափոխական մոտեցում է, բայց մյուս կողմից էլ ասում եք, որ այս աշխարհում ձրի ոչինչ չկա և առողջապահության համընդհանուր ապահովագրություն չի նշանակում, որ առողջապահությունը այլևս անվճար է լինելու Հայաստանում։ Այդ դեպքում ուզում եմ հասկանալ, թե սրա ինչն է հեղափոխական։
Տիկին Ավանեսյան, դուք այդպես էլ չկարողացաք ներկայացնել ցանկը, թե որ ծառայություններից, տարեկան քանի անգամ են օգտվելու»։
Նա ընդգծեց, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը լավ բան է, բայց իր համար անհասկանալի է, թե հիմնական շեշտադրումը ինչի վրա է արվել։ «Ինձ մոտ տպավորություն է, որ դուք հետևյալ սկզբունքն եք որդեգրել՝ «Բոլորին մի քիչ-մի քիչ», բայց արդյո՞ք սա հարցի լուծում է»։
Անդրադառնալով, օրինակ չարորակ նորագոյացությունների համար տրամադրվելիք փոխհատուցմանը նախկինում մինչև 300 հազար դրամ էր, հիմա քիմիոթերապևտիկ դեղերի փոխհատուցումը լինելու է մինչև 1 միլիոն 200 հազար դրամի սահմաններում։ «Տիկին Ավանեսյան, քիմիա պրեպարատները շատ թանկ են։ Մապտեռայի 100 միլիգրամը, օրինակ, 150.000 դրամ է։ Քիմիաթերապիայի մեկ կուրսի ժամանակ, օրինակ, անհրաժեշտ է լինում 10-15 տուփ։ Այսինքն, 4-5 միլիոն դրամի մասին կարող է խոսքը գնալ։ Այսինքն, 1 միլիոնով ավելացումը հարցի լուծում է։ Դրա համար եմ ասում, ո՞րն է ձեր հիմնական սկզբունքը։ Այսինքն, դուք ի՞նչ հարց եք լուծում, դուք ուզում եք լուծել հարցերը, թե քիչ-քիչ մեղմացնել մարդկանց հոգսերը»,-ասաց Խամոյանն՝ ընդգծելով, որ «բոլորին մի քիչ-մի քիչ» սկզբունքը աշխատող տարբերակ չէ։