Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային փաստաթղթեր

ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը: Այս մասին տեղեկանում ենք գործադիրի պաշտոնական կայքից:

«Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ ՀՀ նախկին նախագահները, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրապարակել բանակցային փաստաթղթերը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները հակամարտության կարգավորման վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև մեղադրել է իշխանությանը 2019 թ․ առաջարկը «ժողովրդից թաքցնելու» մեջ:

Փաշինյանը հայտարարել էր, որ այդ փաստաթղթերը գույքագրվում են:

«Կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի հատը մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է: Դուք թողել եք՝ մի դարակում դրված լինե՞ր, որ մի դարակում դրված լիներ, կասեինք՝ վերցրե՛ք, ձեզ ենք տալիս: Չկա համակարգված, մի տեղում դրված, ցաքուցրիվ է»,- ասել էր Փաշինյանը՝ ընդդմիադիր ուժերին կոչ անելով դրանց հետ հույսեր չկապել, քանի որ «հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ բանակցային փաստաթղթերը հրապարակելուց հետո «տեսանելի կդառնա», որ բոլոր առաջարկները եղել են «Հայաստանի վզին կապված թոկը կարճացնելու մասին»:

Նշենք նաև, որ հրապարակված չէ 2001թ. ապրիլին Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև ԱՄՆ-ի Քի Վեստ քաղաքում կայացած հանդիպման արդյունքում ստեղծված քիվեստյան փաստաթուղթը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ էր արել հրապարակել այդ փաստաթուղթը՝ նշելով. Ասում են՝ իրենք ունեն, թող իրենք հրապարակեն: Ես սենց չեմադանով փաստաթղթեր տուն չեմ տարել, համարել եմ, որ պետություն կա։ Հիմա ինչ են ասում, ասում են՝ մեկը խալադիլնիկից ենք հանում, մեկը կանդիցիաներից։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ 7 տարում 3 ԱԳ նախարար եք փոխել, դրա համար մեկը կարող ա խալադիլնիկում հայտնվի, մեկը՝ մեկ ուրիշ տեղ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն