armenpress.am: ԵՄ-ն և Թուրքիան ավելի ինտենսիվ կաշխատեն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Թուրքիան առանցքային գործընկեր է Հարավային Կովկասում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Սև ծովի տարածաշրջանում կայունության համար։ Արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մենք կշարունակենք մեր դրական օրակարգը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար։ Մենք կակտիվացնենք աշխատանքն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին», – գրել է նա X-ում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ հանդիպումից հետո։
Ավելի վաղ Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին՝ արդյոք հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով Բաքվի հռետորաբանությունը, Կոսը նշել էր, որ հավատում է՝ երկու երկրների միջև վերջնական խաղաղությունը հնարավոր է։