Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեից ստացել է իր պաշտպանյալին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։
Նա նշել է, որ «եզրակացությունը բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է»։
«Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։
Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»,- գրել է Բաբայանը։
Պաշտպանը պնդում է, որ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։
«Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ օրինակ արհեստական բանականությամբ ստեղված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։
Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի»,- գրել է Բաբայանը:
Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցադրման՝ Քննչական կոմիտեն կրկնել է ավելի վաղ արված հայտարարությունը, որ հաստատվել է տեսանյութերում Արշակ Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը:
«Որոշ լրատվամիջոցներ վերցրել են փաստաբանի գրառման վերջին նախադասությունը, դարձրել վերնագիր՝ իբր Քննչական կոմիտեն հաստատեց՝ Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի: Հարգելի՛ գործընկերներ, Քննչական կոմիտեն, դեռ օրեր առաջ ի պատասխան ձեր գրավոր հարցումների, հայտնել է, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»,- ասվում է ՔԿ-ի պատասխանում:
ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ «նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»:
Ավելի վաղ մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածվել էր 13 եպիսկոպոսների վերագրվող նամակ, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Ըստ հրապարակումների՝ նոյեմբերի 25-ին ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն ու, իբրև թե եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։
Մայր աթոռից ավելի ուշ հայտարարել էին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցի քննության համար ձևավորվելու է նոր հանձնախումբ, որը քննարկելու է նաև Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։