Հայաստանը դուրս է բերվել աշխարհաքաղաքական թակարդից. Փաշինյան | civilnet.am

civilnet.am  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2026-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գոհունակություն է հայտնել կառավարության աշխատանքից և ներկայացնելով երկրի տնտեսական զարգացման ցուցանիշները։

Փաշինյանը կառավարության աշխատանքը գնահատել է «լավ»՝ հայտարարելով, որ 2025-ի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017-ի համեմատ ավելի կլինեն 1 տրիլիոն 542 մլրդ դրամով կամ 133%-ով:

«Այս տարվա մեր բյուջեի հավելյալ ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն»,- ասել է նա:

Անդրադառնալով 2021-ի ընտրությունների խոստումներին՝ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը լիովին կատարել է միջինը 7% տնտեսական աճ ապահովելու խոստումը, և որ 2021-2024-ին ՀՆԱ-ն աճել է 36.6%-ով:

Անդրադառնալով քաղաքացիների կյանքի վրա աճի ազդեցությանը՝ վարչապետը մեջբերել է «Ջինիի գործակիցը», որը ցույց է տալիս եկամուտների հավասար բաշխումը։ Նա հայտարարել է, որ Հայաստանն էական բարելավում է ունեցել, ինչը նշանակում է, որ արդյունքի բաշխումը «հնարավորինս հավասար և արդար է տեղի ունենում և բարելավվում է»։ Նա նշել է, որ Հայաստանի պատմության մեջ Ջինիի գործակցի լավագույն ցուցանիշը գրանցվել է 2020 թվականին, ինչը հերքում է COVID-ի ճգնաժամի կառավարման վերաբերյալ քննադատությունները։

«2025-ի հոկտեմբերին 810,074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում»,- ասել է Փաշինյանը, նշելով, որ 2018-ի նկատմամբ աճը կազմում է 223,895 աշխատատեղ կամ 38%-ով:

«Նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 313,000 դրամ, ինչը 2018-ի նկատմամբ աճել է 76%-ով, և նշել, որ իրական արտահայտությամբ աշխատավարձերի աճերը «երկնիշ են՝ 20 և ավելի տոկոս»։

Անդրադառնալով աղքատության խնդրին՝ վարչապետը հաստատել է, որ Հայաստանում «կա սոցիալական և աղքատության պրոբլեմ», սակայն ընդգծել է, որ ծայրահեղ աղքատությունը 0.6% է:

«Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, այդ պրոբլեմը վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում, տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին և ուրիշ տեղերում իրենց ընտանիքները պահեին։ Իսկ ինչո՞ւ Հայաստանում աղքատություն կա։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով»,- ասել է վարչապետը

Անդրադառնալով պետական պարտքի ավելացման քննադատությանը՝ Փաշինյանը դա բացատրել է երկու հիմնական պատճառով՝ 4.4 մլրդ դոլարի կապիտալ ծախսեր միայն պաշտպանության ոլորտում և Ղարաբաղի փախստականների ու չնախատեսված այլ ֆունկցիաների ծախսեր։

Ելույթն ամփոփելով, նա շեշտել է, որ տնտեսական ցուցանիշները կարևոր չեն, քան այն, որ իր իշխանությունը «Հայաստանը դուրս է բերել աշխարհաքաղաքական թակարդից»։

Վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հաստատված է խաղաղություն, և որ Կառավարության խնդիրն է «խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը»։

Նա նշել է, որ խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես է, քան նախկինում երբևէ եղել է։

Փաշինյանը կանխատեսել է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն