Եվրոպական հեռարձակողների միությունը կքննարկի «Եվրատեսիլ»-ում Իսրայելի մասնակցության հարցը | armenpress.am

armenpress.am: «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպչական մարմնի անդամները դեկտեմբերի 4-ին կհանդիպեն՝ քննարկելու հաջորդ տարի Ավստրիայում կայանալիք մրցութում Իսրայելի մասնակցության հարցը։ Պատճառը մրցույթի մասնակից մի շարք երկրների կողմից Իսրայելի մասնակցությունը բոյկոտելու պահանջն է՝ պայմանավորված Գազայում իսրայելական կողմի գործողություններով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Եվրոպական հեռարձակողների միության կենտրոնակայանում՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը մասնավորապես քննարկվելու են նոր կանոնները, որոնք կոչված են խոչընդոտելու կառավարությունների և երրորդ կողմերի միջամտությունները՝ անհամաչափ կերպով առաջ մղելու իրենց ցանկալի երգերը և ազդելու քվեարկողների վրա։ Այս քննարկման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, ինչ Իսրայելի դեմ մեղադրանքներ են ներկայացվել նախորդ տարվա մրցույթում իր մասնակցին անարդար կերպով աջակցելու ու առաջ մղելու հարցում։

Իսրայելը, որը 2025 թվականի մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը, չի պատասխանել մեղադրանքներին։

Սլովենիայի, Իռլանդիայի, Իսպանիայի և Նիդեռլանդների հանրային հեռարձակողները սպառնում են բոյկոտել 2026 թվականի մայիսին Ավստրիայում կայանալիք մրցույթը, եթե Իսրայելին թույլատրվի մասնակցել։

Իսրայելի դեմ հանդես եկողներն իրենց դժգոհությունն են հայտնում Գազայում պաղեստինցիների դեմ իսրայելական կողմի գործողությունների առնչությամբ, ինչի հետևանքով զոհերի թիվն անցել է 70 հազարը։

Եթե Ժնևում կայանալիք հանդիպման մասնակիցները համաձայնության չգան նոր կանոնների շուրջ, որոնք միտում ունեն երաշխավորելու մրցույթի չեզոքությունն ու անկողմնակալությունը, ապա Իսրայելի մասնակցության հարցը կդրվի քվեարկության։

Գերմանիայի հանրային հեռարձակողը՝ ARD-ն հայտնել է, որ իրենք դուրս կգան մրցույթից ու չեն հեռարձակի «Եվրատեսիլ»-ը, եթե Իսրայելին չթույլատրվի մասնակցել։ Ավստրիան ևս Իսրայելի մասնակցությանը կողմ է արտահայտվել։

Իսրայելական հանրային հեռարձակողը՝ KAN-ը հայտարարել է, որ պատրաստվում է հաջորդ տարվա մրցույթին և շուտով կհրապարակի իսրայելցի մասնակցի ընտրության գործընթացում կատարված փոփոխությունները։ KAN-ը հայտարարել է, որ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի իր դիրքորոշումը հնարավոր որակազրկման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն