Ցեմենտի ներմուծման սահմանափակումը կշարունակվի. կլինկերի հարցը կրկին դուրս է մնացել | civilnet.am

civilnet.am։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է ևս 6 ամսով երկարաձգել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման սահմանափակումները։ Այդ նպատակով դեկտեմբերի 4-ին ընդունվեց որոշում, որն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 22-ից և գործելու է մինչև 2026-ի հուլիսի 22-ը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության մշակած որոշման՝ առաջարկվում է շարունակել ներմուծման լիցենզավորման գործընթացը, քանի որ տեղական արտադրողների մրցունակությունը շարունակում է նվազել։

Ըստ հիմնավորման՝ չնայած սահմանափակումներին, ներմուծումն աճում է, արտադրությունը՝ ընկնում։ Այսպես՝ 2024-ին Հայաստան է ներմուծվել 581 հազար տոննա ցեմենտ, ինչը 47%-ով ավելի է 2023-ի ցուցանիշից։ Աճը շարունակվել է նաև 2025-ի առաջին կիսամյակում՝ կազմելով 24% (319 հազար տոննա)։

Մյուս կողմից՝ տեղական արտադրությունը 2024-ին նվազել է 7.3%-ով (կազմելով 1,05 մլն տոննա), իսկ 2025-ի առաջին կիսամյակում անկումը կազմել է 18,1%։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների հզորությունները (շուրջ 2,5 մլն տոննա) գերազանցում են ներքին շուկայի պահանջարկը, որը գնահատվում է 1,4-1,5 մլն տոննա։

Նոր նախագծով առաջարկվում է գործող կարգավորման ժամկետի ավարտից հետո սահմանել լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ։

Ազգային ժողովը մայիսի 29-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը՝ քառապատկելով ցեմենտի ներկրման պետական տուրքը։ Միաժամանակ զրոյական մաքսատուրք է պահպանվում կլինկերի ներմուծման համար։ Հայաստանում կլինկերի հիմնական ներմուծողը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի որդուն՝ Գուրգեն Սարգսյանին պատկանող «Շինցեմենտ» ընկերությունն է։ «Հանրապետություն» կուսակցությունն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկերն է Երևանի ավագանում, ինքը՝ Արամ Սարգսյանը, տարբեր հարցերում հանդես է գալիս կառավարության քաղաքականության պաշտպանությամբ։

Այս անգամ ևս կառավարությունը շրջանցում է կլինկերի ներմուծման հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն