Գույքն ապօրինի տնօրինելու հիմքով ուսումնասիրության կենտրոնում է «Ժուռնալիստների միությունը». Վարդապետյան | news.am

news.am: Մենք շարունակում ենք ուսումնասիրությունները նաև ՀԿ-ների հետ կապված, որոնք ապօրինի տնօրինում են պետության սեփականությունը հանդիսացող գույքը, դրանք տարբեր տեսակի միություններն են։ Այս պահին ուսումնասիրության կենտրոնում են գտնվում «Ժուռնալիստների միությունը», «Նկարիչների միությունը», «Գրողների միությունը» և մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԴՈՍԱՖ միությանը պատկանող 11 գույքերը հետ վերադարձնելու նախագծի քննարկման շրջանակներում։

«Սա, իհարկե, որոշակի նյարդ է առաջացնում, որովհետև տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն և խնդիրներ չենք ստեղծում, ընդամենը թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի»-ասաց Վարդապետյանը։

Նա հայտնեց, որ կատարված ուսումնասիրությունների շրջանակում իր հիշատակած միություններում, բարեբախտաբար, դեռ չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել։

«Ավելի վատ վիճակում է Նկարիչների միությունը, մնացածների մասով էլ կարծես թե շատ չենք ուշացել։ Այստեղ մենք ընդամենը խզում ենք հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղղակի՝ այլ այդ անձանց հետ փոխկապակցված անձանց, հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու հարյուր անգամ թանկ, օտարվում են այլ՝ երրորդ անձանց։ Մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում և, ըստ էության, այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվի։

Նույն սխեման ԴՕՍԱԱՖ–ն է, մի տարբերությամբ, քանի որ այստեղ իրենք կենտրոնական մարմին ունեն, կառավարման խորհուրդ, կառավարման խորհուրդը որոշել է, որ իր տիրապետումը գույքի նկատմամբ օրինական չէ, և այս 11 գույքերը իր խորհրդի որոշմամբ որոշել է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։

Քննչական մարմիններն ու դատախազությունը այս պահին իրականացնում են արդեն իրավական ձևակերպումների հետ կապված գործընթացները, և ինչպես նշեցի նաև քրեական գործ է քննվում այս հարցի վերաբերյալ, որովհետև գույքի նկատմամբ իրենց նախնական իրավունքների գրանցումները օրինական չեն։

Այդ մասին կա նաև վճռաբեկ դատարանի որոշում, որը մենք օգտագործում ենք այս հասարակական կազմակերպությունների դեմ մեր հայցերում»,–ասաց նա։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն։ Ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու, ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը և հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման և պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն