Փաշինյանը 2019թ․ մերժել է կարգավորման պլանը, որով մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը․ Լևոն Զուրաբյան | pastinfo.am

pastinfo.am։ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում կատարած հայտարարությունը, ըստ որի ինքը այլևս չի հրավիրելու նախկին նախագահների բանավեճի, քաղաքական դաշտում լայն արձագանք է առաջացրել։ Փաշինյանը նշել էր, որ հրապարակված փաստաթղթերից հետո բանավեճի թեմա պարզապես չի մնացել, քանի որ «այլևս բանավիճելու բան չկա»։

Այս մոտեցմանը ասուլիսում  համաձայնություն հայտնեց նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՝ ընդգծելով, որ հենց այս կանխատեսումն էին հնչեցնում դեռևս տարիներ առաջ։ Եթե հիշենք, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս նշել էր, որ երբ  հրապարակվեն բանակցային փաստաթղթերը, բանավեճի թեման կսպառվի, քանի որ հնարավոր չէ վիճել փաստերի, ապացույցների և իրականության շուրջ։

«Այո, բանավեճը այլևս անիմաստ է, բայց շատ կարևոր է տալ պատմական գնահատականներ։ Փաստաթղթերի հրապարակումը պատմական իրողություն է, որը մեր ժողովրդին թույլ է տալիս հասկանալ՝ տարբեր ժամանակաշրջաններում մեր երկրի ղեկավարները ինչ քաղաքականություն են վարել»,-  նշեց Զուրաբյանը։

Զուրաբյանը արձանագրեց, որ Փաշինյանի կատարած քայլը կրկին «թերի» է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները հիշեցրել են, որ իրենց ամենակարևոր պահանջը եղել է ոչ միայն Մինսկի խմբի առաջարկների, այլև դրանց վերաբերյալ Հայաստանի դիվանագիտության պաշտոնական պատասխանների հրապարակումը։

«Փաշինյանը հրեշ է, որը լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան 2020թ․-ին։ Պնդում եմ, որ փաստաթղթերի հրապարակումները մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը 2019թ․ ապրիլին և հունիսին ստացել է կարգավորման պլան (չգիտես, թե ինչու ապրիլի պլանը չի հրապարակել), որով հաստատում էր խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով, նաև այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, և մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանն ու ընդհանրապես բանակցությունները։ Արդյունքում մեզ ներքաշել է պատերազմ, որի հետևանքով ունեցանք թե՛ Արցախի կորուստը, թե՛ ավելի քան 5000 զինվորների մահը։ Այսօր պետությունը այնքան թուլացած է, որ արդեն խոսքը գնում է նրա գոյատևման մասին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն