Ընդունվել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական կարգավորումները հետևյալն են․

1) Որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ պետությունը կամ համայնքն է ձեռք բերողը, իսկ եթե մասնավորն է՝ ապա դա պետք է լրացուցիչ հիմնավորվի: Ընդ որում՝ Կառավարությունը պետք է սահմանի մասնավոր ձեռքբերողների ներգրավման չափանիշները:

2) Ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու և գույքը կամավոր օտարելու և հանձնելու դեպքում նախատեսվում է խրախուսական գործիքակազմ, և սեփականատերերը կստանան գործող կարգավորման համեմատությամբ ևս 15 տոկոս ավելի բարձր չափով փոխհատուցում (փաստացի՝ շուկայական արժեքից 30 տոկոս ավել):

3) Վթարային շենքերի համար սահմանվում են այնպիսի կարգավորումներ, որ սեփականատերերը ստանան ողջամիտ փոխհատուցում:

4) Կտրամադրվի նաև ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար փոխհատուցում, եթե օտարվող սեփականությունն անմիջականորեն օգտագործվել է ձեռնարկատիրական գործունեության մեջ:

5) Սեփականատիրոջը հնարավորություն է տրվում մասնակցել գույքը գնահատողի ընտրությանը:

6) Կատարելագործվում են գույքի գնահատման վերաբերյալ կարգավորումները՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և ապահովելով գույքի արժեքների օբյեկտիվ գնահատումը և արդարացի փոխհատուցման տրամադրումը:

7) Վերանայվում են օտարվող սեփականության նկարագրության կազմման հետ կապված կարգավորումները՝ նախատեսելով այդ գործընթացում նորագույն տեխնիկական միջոցների կիրառում:

8) Սեփականատիրոջ համար ապահովվում է փոխհատուցման չափը դատարանում վիճարկելու հնարավորություն՝ դրան զուգահեռ չխոչընդոտելով հանրային շահով պայմանավորված նպատակի իրագործումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն