Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։
Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները։
Հիշեցնենք, որ Արշակ սրբազանը 2 ամսով կալանավորվել է: Պաշտպանները հայտնել են, որ բողոքարկելու են որոշումը:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտեի շենքում։ Կոմիտեից «Ինֆոքոմ»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում:
Ըստ պաշտպան Արսեն Բաբայանի՝ Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018թ. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ժամանակ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց է դրել: