Շիրակի թեմի հոգևորականները հայտարարել են, որ շարունակելու են կանոնական պատարագ մատուցել և հիշատակելու են Հայրապետի և թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները: Հոգևորականները նշել են, որ եթե թեմի հոգևորականներից բացի որևէ այլ մեկը փորձի պատարագ մատուցել Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, հատկապես Սուրբ Յոթ Վերքում, դա կդիտվի որպես առաջնորդանիստի բռնազավթում և թեմի օրինական գործունեության խոչընդոտում։
«Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:
Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:
Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով», ֊ասված է հայտարարության մեջ:
