Ինչպես հայտնել էինք, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա պատարագի է մասնակցել Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում:
Պատարագին մասնակցելուց հետո երեկ երեկոյան Փաշինյանը կարծիք է հայտնել, թե ճիշտ կլինի՝ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը՝ որպես հիմնավորում նշելով, թե 301թ. Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ:
Այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում բազմաթիվ քննադատություններ են հնչել, որոնք մասնավորապես վերաբերում էին նրան, որ Փաշինյանը չի տարբերում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու և եկեղեցու հիմնադրման գործընթացները:
Այսօր արդեն Փաշինյանը պարզաբանող տեսանյութ է հրապարակել՝ մեջբերելով պատարագի տեքստի մի հատված. «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։
«Այսինքն, խոսք է գնում վերին պետության մասին, պետության մասին։ Եվ պատարագից առաջ պետական օրհներգը հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»,- ասել է Փաշինյանը
Միաժամանակ, նա առաջարկել է, որ եկեղեցիների մոտ կամ ներսում տեղադրվեն ՀՀ դրոշներ:
Հիշեցնենք, որ երբ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում է մասնակցելու պատարագի, Շիրակի թեմի հոգևորականները հայտարարել են, որ շարունակելու են հիշատակել Հայրապետի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները: Շաբաթ օրը եկեղեցու դռները ուժայինները կնքել էին, և այն հանձնվել էր արտագնա պատարագ անողներին։
2025թ. մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարբեր գրառումներ է կատարել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերաբերյալ, այնուհետև սկսել պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նշելով, թե վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը, ուստի՝ իրենք նրան չեն համարում Ամենայն Հայոց Կաթողիկոս: 2025թ. հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ սկսում են «վեհարանը ազատելու գործընթաց»: Ապա Փաշինյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները տարբեր եկեղեցիներում սկսեցին մասնակցել կիրակնօրյա պատարագներին՝ մեկնարկելով Հովհաննավանքից, որի քահանան՝ Տեր Արամը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան), կարգալույծ էր արվել: Մինչ օրս ամեն կիրակի Փաշինյանը և նրա կողմնակիցները մասնակցում են կիրակնօրյա պատարագների, որոնք անցկացնում են քահանաներ, որոնք կա՛մ կարգալույծ են արվել Հայ առաքելական եկեղեցու կողմից, կա՛մ պատարագի ընթացքում չեն հնչեցնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Նիկոլ Փաշինյանը 2025թ. դեկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք մասնակցում են միայն այն պատարագներին, որոնց ընթացքում չի հնչում Գարեգին Բ-ի անունը՝ չհերքելով տեղեկությունը, որ ԱԱԾ աշխատակիցները (և ոչ միայն) մինչ իրենց՝ պատարագի գնալը խոսում են քահանայի հետ և տեղեկացնում իրենց վերաբերմունքի մասին:
Իշխանական լրատվամիջոցներում հրապարակված նամակի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ, որոնք ավելի վաղ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջել են Գարեգին Բ-ի հրաժարականը՝ որպես պատճառ նշելով այն հանգամանքը, որ վերջինս չի կասեցրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը, երբ Քննչական կոմիտեն հաստատել է, թե Սրբազանին վերագրվող անպատշաճ տեսանյութերում վերջինս է: Մայր Աթոռը ավելի ուշ հայտարարել է, որ եպիսկոպոսների նամակում տեղեկությունները խեղաթյուրված են ներկայացված, և որ հրավիրվելու է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվելու է Արշակ սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Եպիսկոպոսների ժողովը, սակայն, հետաձգվել է՝ «նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները»:
Այս պահին տարբեր քրեական գործերով անցնում են և կալանքի տակ են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության բռնազավթման մեջ), Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (կալանավորված է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում), իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման (իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածով): Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է այս գործողությունները:
Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից / 09.11.2025թ., պատարագ Թալինի Սբ․ Աստվածածին եկեղեցում