Կասկադի շինարարությունը և հարակից տարածքի կառուցապատումը կիրականացվեն զուգահեռ | civilnet.am

civilnet.am։ Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի գործնական փուլի շրջանակում նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 8-ի գործակարգավարական նիստին։

Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հիշեցրեց, որ ներդրողի հետ արդեն ստորագրվել է պայմանագիրը, որով կարգավորվելու են կողմերի իրավահարաբերությունները։

Նրա խոսքով՝ պայմանագրերի տրամաբանությունն այնպիսին է, որ համայնքին հանձնվելիք կառույցի և հարակից հատվածի (ներդրողի մասնավոր հատվածի) շինարարությունը պետք է ընթանան զուգահեռ՝ միաժամանակյա կազմակերպման սկզբունքով։

«Սա արվում է, որպեսզի հնարավոր լինի ապահովել ամբողջ քաղաքաշինական պրոցեսի միատարրությունը և համաժամանակյա իրականացումը»,- պարզաբանեց Թևանյանը։

Ծրագիրը ներառում է նաև հարակից հատվածում գտնվող համայնքային հողամասի բարեկարգում և դրա ձևավորում որպես քաղաքային այգի։ Ամբողջ նախագծի արդյունքում ապահովվելու են նաև ճանապարհային հանգույցներ, մուտքեր և ելքեր դեպի նոր կառուցվող մշակութային հանգույց, թաղամաս և քաղաքային այգի։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ծրագրի իրականացման համար նախատեսվում է 5 տարի՝ հաշվարկված շինարարության թույլտվության տրամադրման պահից։ Այդ ընթացքում պետք է ավարտվի մշակութային հանգույցի կառուցումը և այն շահագործման ենթակա վիճակում ներդրողի կողմից որպես սեփականություն փոխանցվի համայնքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց նախագծի կարևորությունը՝ նշելով, որ լուծվում է տասնամյակների խնդիր։

«Քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ և տարատեսակ հանրային տարածքներ, որոնք վստահաբար քաղաքինն են»,- եզրափակեց Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն