armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում 3+3 ձևաչափով հնարավոր հանդիպմանը։
Այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բաքվում 3+3 ձևաչափով հանդիպման առաջարկության վերաբերյալ դիրքորոշմանը։
«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի և չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում տեղի ունենալիք, նախատեսվող ինչ-որ միջոցառմանը»,-ասաց ԱԺ խոսնակը՝ քննարկման ենթակա չհամարելով տարածաշրջանային ձևաչափով հանդիպումներին մասնակցել-չմասնակցելու հարցը։
«Եթե կան ինչ-որ խնդիրներ, մենք դրանք կբարձրաձայնենք։ Օրինակ՝ ինձ համար խնդիր է հանդիսանում պահվող անձանց, գերիների առկայությունը, բայց կարծում եմ, դա, ինչպես նախկինում, նույնպես քննարկելի և լուծելի հարց է, բայց չմասնակցել, իմ կարծիքով, ուղղակի չի կարելի»,-հավելեց Սիմոնյանը։