Արցախի Հանրապետության տարածքի բռնի զավթումը Ադրբեջանի կողմից բոլորովին էլ չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը. Մեր պետականությունը, մեր իրավունքների համար պայքարը, մեր հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ վերադարձից բացի այլ ելք չի կարող գոյություն ունենալ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Արցախի ներկայացուցչությունում, Արցախի սահմանադրության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ նշեց Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը։
«2020 և 2023 թվականների ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիաները, որոնց ընթացքում կիրառվեցին արգելված զինատեսակներ, վարձկաններ և իրականացվեցին ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, նպատակ ունենային ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Այդ հանցագործությունների հետևանքով մեր ժողովուրդը ստիպված եղավ ապաստան գտնել մայր Հայաստանում, սակայն անկախ պետականություն ունեցող Արցախի Հանրապետությունը, որն ավելի քան երեք տասնամյակ եղել է մեր ժողովրդի ազատ կամքի արտահայտությունը, այսօր էլ շարունակում է իր գոյությունը, թեև ժամանակավորապես օկուպացված է մեր երկիրը, նախկին ղեկավարությունը գերեվարված։
Մեր ժողովուրդը ծանր փորձությունների միջոցով անցավ։ Ոմանք չդիմանալով հեռացան մայր Հայաստանից, քանի որ Հայաստանի իշխանությունը չստեղծեցին կենսապահովման նվազագույն պայմաններ, դեռ ավելին, ենթարկեցին նրանց հալածանքների։ Այդ անարդար մոտեցման զուգահեռ տեսանք նաև հայաստանցի և սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների բարոյական ու նյութական աջակցությունը, որի համար շնորհակալ ենք։
Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը, այնուհանդերձ մենք չենք մոռանալու Արցախը, արտաքին քաղաքական օրակարգից հանում են իրենց հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, մենք պարտավոր ենք ընդդիմանալ այդ մոտեցմանը։ Մեր մտորումների և գործողությունների առանցքը լինելու է մեր իրավունքների վերականգնումը և մեր ժողովրդի անվտանգ վերադարձը Արցախ՝ այլևս երբեք թույլ չտալու համար աղետի կրկնությունը»,–ասաց նա։
Հիշեցնելով, որ Արցախի Հանրապետության նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի հրամանագրով հաստատվել է Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանման և գործունեության շարունակականության ապահովման ռազմավարությունը, որը նպատակ ունի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել Արցախի վերադարձն ու պետականության շարունակականությունը, Դանիելյանն ասաց. «Այս ռազմավարությունը ծրագրային համընդգրկում փաստաթուղթ է, որը ներառում է բարդ աշխատանքներ բոլոր ուղղություններում, հատկապես արտաքին հարաբերություններում։ Մենք Արցախի պետական ինստիտուտների քաղաքական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներս պետք է լինենք առաջամարտիկները, ունենալով Հայաստանի և սփյուռքի կարևոր աջակցությունը։
Այս լսումներով մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր փուլը։ Այս փուլում որոշ դրույթներ մեր ուշադրության կենտրոնում են։
Առաջին. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, Եվրոպայի խորհուրդ։ Նրանք արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հիմնարար սկզբունքների հիման վրա։
Երկրորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է առանց Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ որևէ խորհրդակցության կամ համաձայնության։ Սա այն դեպքում, երբ հենց այդ կառույցներն են սահմանել Լեռնային Ղարաբաղի ընտրած ղեկավարության, հակամարտության կարգավորման գործընթացին լիարժեք մասնակցելու իրավունքը և տարիներ շարունակ տարածաշրջան այցելությունների ժամանակ անպայման հանդիպումներ էին ունենում Ստեփանակերտում Արցախի նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Մինսկի խմբի լուծարումը իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա։ Այդ դիմումը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը ու էթնիկ զտումը և անտեսում է 150000 մարդու սեփական հայրենիք վերադառնալու վերադառնալու և ինքնորոշվելու անօտարելի իրավունքը։
Այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների երկար տարիներ ձգտումներին, որոնց պարզապես կանաչ լույս վառեցին Հայաստանի իշխանությունները, զրկելով հայկական կողմից հակամարտության կարգավորման միջազգայնորեն մանդատավորված միակ կառույցից։
Երրորդ, հակամարտությունը կարգավորված չէ։ Ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագրեսիայի հետևանքով՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը։
Չորրորդ. միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքը իրացրած ժողովրդի նկատմամբ ռազմական ագրեսիա, էթնիկ զտումներ ու ցեղասպանություն կիրառող պետությունը հանցագործ է, և միջազգային ատյաններում պետք է ստանա համապատասխան գնահատականներ:
Հինգերորդ, մեր գլխավոր նպատակն է իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները, վերադառնալ սեփական հայրենիք, այնտեղ անվտանգ ապրել և ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը։
Վեցերորդ, Արցախի ժողովրդի անունից հանդես գալու լիազորություն ունեն միայն Արցախի իշխանությունները։
Անհրաժեշտ ենք համարում համապետական ընտրությունների կազմակերպում, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը, սակայն ելնելով ներկայիս իրավիճակից, այն կազմակերպելը հնարավոր չէ։ Ընտրություններ կկազմակերպվեն առաջին իսկ հնարավորության դեպքում։
Յոթերորդ, մենք միշտ ցանկացել ենք խաղաղություն չնայած բազմիցս ենթարկվել ենք ռազմական ագրեսիայի այսօր էլ պատրաստ ենք խաղաղ բանակցություններ լուծել խնդիրները՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։
Սիրելի հայրենակիցներ այս լսումներով մենք միասին բացում ենք պայքարի նոր էջ։ Վստահ եմ, ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր հայ ժողովրդի միասնական պայքարի շնորհիվ կհաղթահարենք բոլոր դժվարությունները։
Շնորհավոր Արցախի Հանրապետության սահմանադրության օրը, փառք ու պատիվ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ընթացքում զոհված նահատակներին, Արցախը ապրում է, Արցախը վերադառնալու է»,– հայտարարեց Աշոտ Դանիելյանը։