Հովհաննես և Տիգրան Պողոսյանները հայր և որդի են։ Հովհաննես Պողոսյանը «Այպոշին» շինարարական ընկերության սեփականատերն է, Տիգրան Պողոսյանը՝ «Իրտիգ» ընկերության տնօրենը։ «Իրտիգ» ընկերությունն իրականացնում է շինարարությունների որակի տեխնիկական հսկողություն։ «Ինֆոքոմը» նույնականացրել է պետական գնման ընթացակարգերով պատվիրված շինարարության 10 դեպք, երբ «Այպոշին» ընկերության աշխատանքի տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Իրտիգը»։
Հովհաննես Պողոսյանը «Այպոշին» ընկերությունը համահիմնադրել է 2003 թվականին, իսկ 2020 թվականից ընկերության միակ բաժնետերն է։ «Իրտիգ» ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Սեփականատերը Հովհաննես Պողոսյանի հարսն է՝ Իրինա Հովսեփյանը, իսկ 2019 թվականից ընկերության տնօրենը Տիգրան Պողոսյանն է՝ Հովհաննես Պողոսյանի որդին։ Հենց 2019 թվականից էլ այս երկու ընկերությունների գործունեությունը, որպես շինարար և տեխհսկող, հատվում է։
Շինարարության ընթացքում տեխնիկական հսկիչը պետք է անընդհատ գտնվի շինհրապարակում, պարբերաբար լուսանկարի շինարարական աշխատանքների ընթացքը, իրականացնի ստուգումներ, հետևի, որ շինարարությունն ընթանա նախագծանախահաշվային փաստաթղթերի, պայմանագրի կետերին համապատասխան, իսկ հայտանաբերված խախտումների մասին անհապաղ տեղեկացնի պատվիրատուին։
Ստացվում է, որ պետական գնումների շրջանակում որդու և հարսի ընկերությունը իրականացրել է հոր ընկերության մի շարք շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունը։
«Այպոշին» և «Իրտիգ» ընկերությունները, որպես շինարար և տեխհսկող, հանդիպել են 10 անգամ, առաջինը՝ 2019 թվականին։ «Այպոշինը» կնքված պայմանագրերի արդյունքում ստացել է 344 մլն դրամ, իսկ «Իրտիգը» տվյալ շինարարական աշխատանքների տեխհսկողության համար ստացել է ավելի քան 5 մլն դրամ։ «Իրտիգ» ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանի խոսքով՝ ինքը, հայրն ու պապը երկար տարիների շինարարներ են, շինարարությունների ընթացքում իրար լրացնելու խնդիր չունեն։
«Այդ շինարարությունների կողքին ես կարող եմ ձեզ բազում օրինակներ բերել, որտեղ մեր ընկերություններն իրար հետ առնչություն չեն ունեցել»:
«Իրտիգ» ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյան
Իսկապես․ ընկերությունների համընկած շինարարական աշխատանքները ընդհանուր պայմանագրերի մի մասն են միայն։ Գնումների հաշվետվողականության համակարգում 2019 թվականից մինչև 2025 թվականի նոյեմբեր առկա է «Իրտիգ» ընկերության հետ կնքված ընդհանուր 203 պայմանագիր։ «Այպոշին» ընկերությունը 2017 թվականից մինչև 2025 թվականի նոյեմբեր պետական կառույցների հետ կնքել է 48 պայմանագիր՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ դրամ արժեքով։
Ընկերություններին կապող վերջին պայմանագրերը կնքվել են 2024 թվականին։ Պայմանագրերից մեկով նորոգվել է Սպիտակի Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տունը։ Մյուս շինարարությունն ընթացքի մեջ է։ «Այպոշինը» ավարտին է հասցնում Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցումը, «Իրտիգը»՝ վերահսկում այդ աշխատանքները։ Շինարարության արժեքը շուրջ 5 մլն դրամ է, տեխհսկողության արժեքը՝ 828 հազար դրամ։
Սա մանկապարտեզի շինարարության երկրորդ փուլն է։ Առաջին փուլով դրվել է նոր մասնաշենքի հիմքը, շինարարը եղել է «Հիդրովերանորոգում» ընկերությունը։ Տեխհսկողը կրկին եղել է «Իրտիգը» և ստացել ավելի քան 3 մլն դրամ, իսկ շինարարությունն արժեցել է շուրջ 63 մլն դրամ։
Շինարարության առաջին փուլի մրցույթին «Այպոշինը» չի մասնակցել, իսկ երկրորդ՝ արդեն ներկայիս շինարարության մրցույթում եղել է միակ մասնակիցը։ Տեխհսկողության մրցույթում դարձյալ «Իրտիգն» է հաղթել։
Տիգրան Պողոսյանի խոսքով՝ սկզբում տեղի է ունեցել տեխհսկողության մրցույթը, և երբ արդեն շինարարության մրցույթում էլ հաղթել է «Այպոշին» ընկերությունը, ինքը համայնքապետարանի գնումների բաժնին տեղեկացրել է հնարավոր շահերի բախման և փոխկապակցվածության մասին։ Բաժնում ուսումնասիրել են հարցն ու ասել, որ խնդիր չկա։
«Եթե ես առանց հիմնավորման հրաժարվեի պայմանագրից, իմ ընկերությունը կարող էր հայտնվել սև ցուցակում։ Սա էլ ինչ-որ մեծ գումարների հետ կապված շինարարություն չէ, թաքցնելու ոչինչ չունենք, մեր քաղաքի մանկապարտեզը հնարավորինս լավ կառուցելու ենք։ Մենք հասկանում ենք, որ օբյեկտիվ կարծիքներ կարող են լինել, դրա համար ավելի պատասխանատու ենք մոտենում։ Գիտե՞ք՝ էլեկտրոնային մրցույթներ են, ոչ մեկս ոչ մի բան չենք կարող ասել, ինձ էլ ձեռնտու չեն նման խոսակցությունները»։
Տիգրան Պողոսյան
Դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ նախապես համաձայնեցնել, թե որ մրցույթին է դիմում ընկերություններից մեկը, որպեսզի մյուսն էլ չդիմի այդ շինարարությանն առնչվող մյուս աշխատանքի համար, Պողոսյանն այսպես է արձագանքում․
«Բայց իրենք ի՞նչ գիտեն՝ կհաղթեն, կամ ես ինչ գիտեմ՝ կհաղթե՞մ։ «Այպոշինը» գործ չունենար, որովհետև ե՞ս եմ դիմել։ Տեխհսկողության համար սովորաբար գումարն այնքան քիչ է, որ չեմ կարող ասել՝ դու դրա համար շինարարությունդ մի արա։ Այս շինարարության մրցույթին այլ մասնակից չի եղել, էլեկտրոնային մրցույթ է եղել, «Այպոշինն» է եղել միակ մասնակիցը, ու ներկայացրել հրավերի գնին մոտ առաջարկ, այսինքն՝ եթե այլ ընկերություն էլ մասնակցեր ու թեկուզ 1000 դրամ քիչ առաջարկեր, կհաղթեր»։
Տիգրան Պողոսյան
Շինարարությունը պետք է ավարտված լիներ նոյեմբերի 15-ին, սակայն աշխատանքները երկարացվել են շինարարության ընթացքում հայտնաբերված թույլ հիմնապատի խնդրի պատճառով։ Տիգրան Պողոսյանի խոսքով՝ աշխատանքները կավարտվեն տարեվերջին։
Հենապատի կառուցման համար հոկտեմբերի 8-ին հայտարարվել է մրցույթ։ «Այպոշինը» այս անգամ ևս հայտ է ներկայացրել, սակայն հաղթել է մյուս՝ ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ Տեխհսկողի անունը դեռ հայտնի չէ։ Շինարարությունը կսկսվի ֆինանսական միջոցների հատկացումից հետո։ Վանաձորի համայնքապետարանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանի խոսքով՝ հենապատի կառուցումն էլ կավարտվի փետրվար-մարտ ամիսներին։
Պայմանագրի ժամկետի ուշացման համար կտուգանվի՞ «Այպոշին» ընկերությունը, թե ոչ՝ կորոշվի ավելի ուշ սպասվող կոլեգիալ նիստում։
«Նիստում ընկերությունը պետք է հիմնավորի, որ ուշացման պատճառը հենապատն է եղել, համայնքապետարանն էլ գուցե կարողանա փաստարկել, որ անկախ հենապատից ներսի աշխատանքները կարող էին ավարտված լինել»։
Վանաձորի համայնքապետարանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյան
Հովհաննես և Տիգրան Պողոսյանները, ըստ գնումների գործընթացի կարգի, փոխկապակցված են։ Հայր և որդի Պողոսյանների ու մյուս փոխկապակցված անձանց համար «Գնումների մասին» օրենքը ունի միայն մեկ արգելք՝ մասնակցել գնման նույն մրցույթին։
Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է։ Ոլորտի կարգավորումները սահմանվում են «Քաղաքաշինության մասին» օրենքով և քաղաքաշինության վերաբերյալ այլ իրավական ակտերով։ Այս իրավական փաստաթղթերից ոչ մեկում շինարարությունը և տեխհսկողությունն իրականացնող ընկերությունների բաժնետերերի միջև փոխկապակցվածությունն արգելող որևէ դրույթ չկա։ Քաղաքաշինության մասին օրենքը միայն պարտադրում է, որ շինարարար ընկերությունը չիրականացնի տվյալ աշխատանքի տեխնիկական հսկողությունը։
Սակայն 2025 թվականի ապրիլին հաստատված «Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններով» սահմանված է, որ մասնագետն իր պարտականությունները կատարելու ընթացքում պարտավոր է բացառել շահերի բախումը․ իրավիճակը, երբ հասարակության, շրջակա միջավայրի, պետական կամ համայնքային մարմնի կամ պատվիրատուի շահերից գործելու պարտավորությունը վտանգվում է կամ կարող է վտանգվել մասնագետի, նրան փոխկապակցված և այլ երրորդ անձանց միջև առկա մասնավոր հարաբերությունների հետևանքով։
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը կարծում է, որ նման դեպքերում շահերի բախում կա։ Այսպիսի փոխկապակցվածությունը կարող է օբյեկտիվ կասկած առաջանացնել կատարված շինարարության որակի նկատմամբ։ Քյուրումյանի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ պետական ֆինանասավորմամբ կատարվող շինարարությունը հսկի շինարարի հարազատի ընկերությունը։
«Հավանականությունը, որ չարաշահում տեղի կունենա, շատ մեծ է։ Այստեղ հսկայական շահերի բախումներ կան, որոնք նաև ֆինանսական հետևանքներ կարող են ունենալ, մինչդեռ այս դաշտը փաստացի բաց է և չարաշահումների մեծ հնարավորություններ է տալիս։ Օրինակ՝ եթե տեխնիկական հսկողությունն իրականացնել ցանկացող կազմակերպությունը գիտի, որ հսկելու է իր հարազատի աշխատանքը, շահագրգռված է ցածր գին առաջարկել, որպեսզի ինքը գնա հսկի աշխատանքը, դրական եզրակացություն տա, և դրա արդյունքում իր հարազատը շահույթ ստանա»
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյան
Քյուրումյանի կարծիքով՝ շինարարի և տեխհսկողի միջև փոխկապակցվածությունը բացառող դրույթի բացակայությունը օրենսդրական թերություն է։
Քաղաքաշինության կոմիտեի գնահատականով՝ շինարարությունն ու տեխհսկողությունն իրականացնող ընկերությունների փոխկապակցվածությունը հիմք չէ պարտավորությունների չկատարման համար:
«Շինարարության գործընթացը կանոնակարգող գործող իրավական ակտերով հստակ սահմանված է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունների պատասխանատվության շրջանակը, հետևաբար մինչև անգամ փոխկապակցվածության հանգամանքը չի կարող պայմաններ ստեղծել կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքների ոչ պատշաճ կատարման համար և չի կարող տվյալ կազմակերպությանը ազատել հետագա պատասխանատվությունից»։
Քաղաքաշինության կոմիտե
Թեպետ Քաղաքաշինության կոմիտեն գտնում է, որ ոլորտը կարգավորող դրույթները ձևակերպված են այնպես, որ շինարարի և տեխհսկողի միջև կապը չի կարող ազդել շինարարության որակի վրա, այնուամենայնիվ, միաժամանակ մշակում է օրենքում այդ փոխկապակցվածությունը բացառող դրույթների ավելացնող նախագիծ, որով ընկերությանը կարգելվի իրականացնել տեխհսկողություն, եթե տվյալ շինարարությունն իրականացնող ընկերությունում մասնակցություն ունի իր ազգակիցը կամ հենց ինքը։ Երբ փոփոխությունը կդրվի հանրային քննարկման՝ Կոմիտեն չի նշում։ Դեռևս հստակ չէ նաև, թե ինչպիսի պատասխանատվություն է նախատեսվելու սպասվելիք դրույթները խախտելու դեպքում։
Այսպիսով, օրենքը տեխհսկող ընկերություններին հնարավորություն է տալիս հսկել իրենց փոխկապակցված անձանց ընկերությունների շինարարական աշխատանքները։ Չնայած այսպիսի փոխկապակցվածության՝ մեր նույնականացրած ամենավաղ դեպքը եղել է 2019 թվականին, ոլորտի այս առանցքային հատվածը կարգավորող դրույթների ընդունում նոր է նախաձեռնվում։