civilnet.am։ Եվրամիության հետ Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացը ենթադրում է ոչ միայն արտոնություններ, այլև կոնկրետ ֆինանսական պարտավորություններ։
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ՍիվիլՆեթի տաղավարում մանրամասներ հայտնեց ԵՄ-ից Հայաստանին փոխանցված գործողությունների ծրագրի վերաբերյալ՝ առանձնացնելով հատկապես առողջապահական ծառայությունների փոխհատուցմանը վերաբերող դրույթը։
Թեև գործողությունների ծրագրում Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման մասին ուղիղ պահանջ չկա, առկա է մեկ այլ՝ պետության համար ֆինանսական բեռ ենթադրող դրույթ։
Ըստ Արման Եղոյանի՝ Հայաստանը պետք է հանձնառություն ստանձնի փոխհատուցելու Եվրոպական միության անդամ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների բուժօգնության ծախսերը, եթե նրանք այդ երկրներ են մեկնել և ապաստան են հայցել հենց առողջապահական խնդիրների հիմքով։
Պատգամավորը հաստատող պատասխան է տվել ՍիվիլՆեթի հարցին՝ եթե տարվա մեջ 10 քաղաքացի մեկնի ԵՄ որևէ երկիր, այնտեղ ապաստան հայցի ու ստանա, օրինակ, 1 մլն եվրոյի բժշկական սպասարկում, Հայաստանը պե՞տք է փոխհատուցի դա։
«Բնականաբար մեր նպատակն այն է, որ որքան հնարավոր է քիչ մարդ գնա ոչ միայն Ձեր նշած պատճառով… այլ շատ մարդ այստեղ հնարավորություն ունենա նույնանման առողջապահական ծառայություն ստանալու: Իսկ ինչը հնարավոր չլինի, ինչի հետևանքով, որ մարդիկ ապաստան հայցեն և գումարը ծախսվի, այո Հայասնաը պիտի… լուծումն այդպես է», – նշեց պատգամավոր Եղոյանը:
Եղոյանի խոսքով՝ սա «ազնիվ և անկեղծ գործընկերության» ճանապարհն է։ Նա նշել է, որ հակառակ դեպքում՝ եթե սպասեն մինչև Հայաստանի առողջապահական համակարգը հասնի գերմանական մակարդակի, որպեսզի քաղաքացիները չմեկնեն, գործընթացը կարող է տասնամյակներ տևել։
«Հակառակ դեպքում չի լինի վիզաների ազատականացում, ուղղակի պիտի ընտրություն կատարենք»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։