ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը քննարկել են մշակութային մի շարք նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը քննարկել են մշակութային մի շարք նախագծեր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Սերժ Ավետիքյանը տեղեկացրել է, որ ֆրանսիացի գործընկերները հետաքրքրված են Հայաստանում համատեղ ֆիլմարտադրության իրականացմամբ՝ ներկայացնելով հայ-ֆրանսիական հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերը:

Այս համատեքստում Դանիել Դանիելյանը ներկայացրել է ֆիլմարտադրության ոլորտում 2025 թվականից գործարկված ներդրումների մասնակի վերադարձի գործընթացը՝ ընդգծելով համատեղ նախագծերի աջակցության և խրախուսման՝ պետության պատրաստակամությունը.

«Ֆիլմարտադրության ոլորտում արված այս կարևոր քայլը նպաստում է պրոդյուսերների և ներդրողների, ոլորտի մասնագետների ներգրավմանը՝ խթանելով միջազգային կինոնախագծերի նկարահանումները, միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հետ համագործակցությունը, մասնագիտական նոր տեխնիկայի ներմուծումը: Ֆիլմարտադրության համար Հայաստանի բնակլիմայական պայմանները և աշխատաշուկան նպաստավոր են, և ոլորտի համար դրանք ապահովում են մեծ գրավչություն»:

Քննարկման ընթացքում կողմերը փաստել են նաև, որ նմանօրինակ համագործակցությունները հնարավորություն կընձեռեն ճանաչելի դարձնել և ապահովել Հայաստանի պատշաճ դիրքավորումը միջազգային կինոհարթակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կինոոլորտի կրթության հայ-ֆրանսիական նախագծեր, մասնավորապես՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի համագործակցությամբ: Սերժ Ավետիքյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում են ֆրանսերենով դասընթացներ՝ մոնտաժի, սցենարի, ռեժիսուրայի մասնագիտությունների ուղղությամբ: Դասընթացներն անցկացնելու են Ֆրանսիայից և Շվեյցարիայից ժամանած հեղինակավոր մասնագետները:

Հաջորդիվ Սերժ Ավետիքյանը ներկայացրել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համագործակցությամբ նոր թատերական նախագծի իրականացմանն առնչվող մանրամասները՝ նշելով, որ համատեղ նոր նախաձեռնությունը միտված է Հակոբ Պարոնյանի ստեղծագործական ժառանգության արժևորմանն ու հանրահռչակմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն