ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին պաշտոնյաների ղեկավարած ընկերությունը տարիներ շարունակ հաղթում է ՊԵԿ հայտարարած պետական գնումներում՝ կնքելով միլիոնավոր դրամների պայմանագրեր։ 

2024 թվականի մայիսի 23-ին ՊԵԿ նախկին աշխատակից Սուրեն Ավետիսյանը դարձել է 2015 թվականին հիմնադրված «Դանիամ» ընկերության սեփականատերը, իսկ ՊԵԿ մեկ այլ նախկին աշխատակից՝ Կարեն Մարտիրոսյանը ստանձնել է նույն ընկերության տնօրենի պաշտոնը։

Սուրեն Ավետիսյանը 2017-2021 թվականներին զբաղեցրել է ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ Կարեն Մարտիրոսյանը 2017-2023 թվականներին աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ։ 

«Դանիամ» ընկերությունը պետական գնումներին սկսել է մասնակցել եւ հաղթել 2021 թվականից։ Ընկերությունը զբաղվում է Էլեկտրոնային համակարգերի նախագծման, թեստավորման եւ մշակման աշխատանքներով։ 2021-2024 թվականներին այս ընկերությունը հայտ է ներկայացրել 30 պետական գնման մրցույթի մասնակցելու համար․ դրանցից 4-ը չեղարկվել են, իսկ ահա 26-ից 20-ում ընկերությունը ճանաչվել է հաղթող։ Ուշագրավ է, որ 20 պայմանագրերից 19-ը կնքվել են Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում։ 

Հատկանշական է նաեւ այն, որ այս 20 ընթացակարգերից ճնշող մեծամասնությունում՝ 16-ում, «Դանիամը» եղել է միակ մասնակիցը։ Ինչ վերաբերում է մյուս 4 ընթացակարգերին, ապա դրանցից 1-ում այս ընկերության մրցակիցը՝ «Հարմոնիա» հիմնադրամը, «Դանիամից» 32,5 մլն դրամով ավելի բարձր գնառաջարկ է ներկայացրել։ Հետեւաբար նվազագույն գնառաջարկի համար հաղթող մասնակից է ճանաչվել առաջինը։ Արդյունքում խորհրդատվական ծառայությունների մատուցման համար ՊԵԿ-ի եւ «Դանիամ» ընկերության միջեւ կնքվել է 33 մլն դրամի պայմանագիր։

2-րդ դեպքում «Դանիամից» բացի հայտ է ներկայացրել «ԷՅ ԷՍ ԴԻ սիսթեմս» ընկերությունը։ Ի սկզբանե «Դանիամ» ընկերության գնառաջարկը մոտ 1 մլն դրամով գերազանցել է մրցակցի գնառաջարկը, հետո ընկերությունները հրավիրվել են բանակցությունների, արդյունքում «Դանիամը» ավելի ցածր գնառաջարկ է ներկայացրել եւ ճանաչվել հաղթող մասնակից։ Ապրանքների հայտարարագրման ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման խորհրդատվական ծառայությունների համար ընկերության հետ 2022 թվականի մարտին կնքվել է շուրջ 58 մլն դրամի պայմանագիր։ 

3-րդ դեպքում, ի թիվս «Դանիամի», գնման ընթացակարգին հայտ է ներկայացրել նաեւ «ՎՀՍ» ՍՊԸ-ն, սակայն հայտը մերժվել է ներկայացված փաստաթղթերի անճշտությունների պատճառով․ արդյունքում ընտրվել է «Դանիամը»։ Տեղեկատվական համակարգի ներդրման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար ընկերության հետ 2022-ի նոյեմբերին կնքվել է մոտ 60 մլն դրամի պայմանագիր։

Եւ ահա 4-րդ դեպքում հայտ են ներկայացրել «Դանիամ» ու «ԼուիՍոֆտ» ընկերությունները․ ընտրվել է «Դանիամը»՝ ներկայացնելով մրցակցից 36,6 մլն-ով պակաս գնառաջարկ։ Ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով ընկերության հետ կքնվել է 196 մլն դրամի պայմանագիր։

Ընկերության հետ կնքված պայմանագրերի արժեքը սկսվում է 20 մլն դրամից՝ հասնելով՝ 895 մլն դրամի։ Ամենախոշոր՝ շուրջ 895 մլն դրամի պայմանագիրը, կնքվել է 2023-ի օգոստոսին՝ ՊԵԿ-ում ներդրված մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի սպասարկման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով։ 

Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ն ընկերության հետ կնքել է ավելի քան 2 մլրդ դրամի 19 պայմանագրեր։ 

«Դանիամ» ՍՊԸ-ի ներկայիս տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, ինչպես նշեցինք, ՊԵԿ-ում աշխատել է նաեւ այն ժամանակաշրջանում, երբ ընկերությունը ծառայություններ է մատուցել Կոմիտեին։ Իսկ ահա ընկերության ներկայիս սեփականատեր Սուրեն Ավետիսյանը արդեն դուրս էր եկել աշխատանքից, երբ ՊԵԿ-ն ու Ընկերությունը կնքել են առաջին պայմանագիրը։ Սուրեն Ավետիսյանից առաջ ընկերության սեփականատերը եղել է Արամ Սոխակյանը։  Վերջինս, ինչպես տեղեկանում ենք ֆեյսբուքյան նրա էջից, տարիներ առաջ Պետական եկամուտների կոմիտեում աշխատել է որպես ավագ հարկային տեսուչ։ Սոխակյանը 2021-2024 թվականներին եղել է նաեւ ընկերության տնօրենը։ Սոխակյանից առաջ բաժնետեր են եղել Արմեն Հունանյանը, ապա Մանե Խաչատրյանը։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարեն Մարտիրոսյանը։

Կարեն Մարտիրոսյանը մեր զրույցում նշեց, որ ինքն ընկերությունում աշխատանքի է անցել այժմյան բաժնետեր Սուրեն Ավետիսյանի առաջարկով, երբ ՊԵԿ-ում ավարտել է իր աշխատանքը։ Նա նշեց, որ ՊԵԿ-ի համապատասխան վարչությունում աշխատանքից դուրս գալուց հետո որոշ ժամանակ ծառայությունների մատուցման պայմանագրով է աշխատել ՊԵԿ-ում, որպեսզի կարողանա իր մասնագիտական հմտություններն օգտագործել նաեւ այլ համագործակցությունների շրջանակում։ Այնտեղ աշխատանքն ավարտելուց մոտ 1 տարի անց, երբ Սուրեն Ավետիսյանը դարձել է «Դանիամի» սեփականատեր, ինքն էլ դարձել է ընկերության տնօրեն։ Այդ պաշտոնին անցնելու առաջարկը պայմանավորված է եղել ժամանակին  Ավետիսյանի հետ ունեցած աշխատանքային դրական հարաբերություններով։

Իսկ թե ինչպես է ստացվել, որ Սուրեն Ավետիսյանը դարձել է ընկերության սեփականատեր, ինքը՝ Ավետիսյանը, մեր զրույցում ասաց, որ ՊԵԿ-ում սեփական նախաձեռնությամբ աշխատանքն ավարտելուց հետո որոշել էր նման մի կազմակերպություն հիմնել, սակայն երբ իմացել է, որ «Դանիամի» սեփականատեր Արամ Սոխակյանը մտադիր է վաճառել այն, ձեռք է բերել այս ընկերությունը․ թե ինչ գնով՝ Ավետիսյանը չցանկացավ փակագծեր բացել․

«ՊԵԿ-ից դուրս գալուց հետո գաղափար ունեինք հիմնել մեր ընկերությունը ու զբաղվել ծրագրային ապահովումներով։ Բայց քանի որ «Դանիամը» խնդիրներ ուներ, չէր կարողանում լուծել դրանք, մտածեցինք՝ ինչո՞ւ նորը ստեղծել, եթե կարող ենք վերցնել ոտքերի վրա կանգնած, փորձառու կազմակերպություն եւ շարունակել աշխատեցնել այն»։

Մինչ այս ընկերությունը ձեռք բերելը՝ Ավետիսյանը զբաղվել է բժշկական սարքավորումների ներմուծմամբ․ դա իրականացրել է 2021թ․-ին հիմնված իր «Ասամեդ» ընկերության միջոցով։ 

Կարեն Մարտիրոսյանն ու Սուրեն Ավետիսյանը համակարծիք են այն հարցում, որ ՊԵԿ նախկին աշխատակիցների՝ ՊԵԿ-ին ծառայություններ մատուցող ընկերությունում հայտվելը բնական երեւույթ է։ Նրանք հատկապես շեշտում են ոլորտային առանձնահատկությունները՝ մեկնաբանելով, որ մաքսային ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող մարդիկ իրենց հմտությունները հենց այդ ոլորտի նախագծերում էլ պետք է իրացնեին․

««Դանիամի» կառավարումը ստանձնելու նպատակն էլ հենց այն է եղել, որ ընկերությունն ուներ այս ոլորտում աշխատելու մեծ փորձառություն։ Եթե մենք ստեղծեինք նոր ընկերություն, պիտի այն այնքան զարգացնեինք, որ հնարավոր լիներ մասնակցել նաեւ պետական գնումներին»։

Միաժամանակ, Մարտիրոսյանը նշեց, որ ինքը եւ Սուրեն Ավետիսյանը ՊԵԿ-ում աշխատելու ընթացքում առնչություն չեն ունեցել «Դանիամի»՝ ՊԵԿ-ի կարիքների շրջանակում իրականացրած աշխատանքներին։ 

Բայց այս Ընկերությունը ձեռք բերելը պատահական չի ստացվել։ Բանն այն է, որ «Դանիամի» նախկին բաժնետեր եւ տնօրեն Արամ Սոխակյանին ներկայիս կառավարիչները ճանաչել են այն բերումով, որ Սոխակյանը մեկ այլ ընկերության միջոցով երկար տարիներ ծառայություններ է մատուցել ՊԵԿ-ին մաքսային ոլորտի նախագծերի շրջանակում։ Այնուհետեւ նա ինչ-ինչ հանգամանքների բերումով դուրս է եկել այդ ընկերությունից եւ ստանձնել «Դանիամի» կառավարումը։ Այժմ էլ, ինչպես նշում է Մարտիրոսյանը, եթե իրենց խորհրդատվություն է հարկավոր լինում, իրենք երբեմն դիմում են Սոխակյանին՝ հիմք ընդունելով վերջինիս փորձն ու մասնագիտական հմտությունները։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ «Դանիամը» ՊԵԿ-ի հայտարարած մրցույթների մեծ մասին միայնակ է մասնակցում, Կարեն Մարտիրոսյանը նկատում է, որ անհրաժեշտ աշխատանքների ոլորտում իրենց ընկերության փորձառությամբ շատ քչերը կան։ Մարտիրոսյանն այս հարցում ոչ մրցակցայնության խնդիր չի տեսնում, թեեւ ինքն էլ խոստովանում է, որ մեկ պատվիրատուից կախված լինելը որոշ ռիսկեր է պարունակում, որոնք, նրա խոսքով, կարող են առաջանալ բիզնես տեսանկյունից, եւ ոչ թե ենթադրյալ փոխկապացվածության կամ շահերի բախման։ Այս առնչությամբ նա նաեւ շեշտում է այն հանգամանքը, որ ինքը ՊԵԿ-ից դուրս գալուց հետո 1 տարի անց է դարձել ընկերության տնօրեն, իսկ Ավետիսյանը՝ 3 տարի անց սեփականատեր։

Խոսելով ենթադրյալ շահերի բախման մասին՝ Ավետիսյանն էլ վստահեցրեց, որ ինքը մաքսային ոլորտում պետական իր աշխատանքը թողնելուց հետո ՊԵԿ-ի պաշտոնյաների հետ որեւէ անձնական առնչություն չի ունեցել․

«Շահերի բախում ասածը մի քիչ անհասկանալի է ինձ համար, ավելին՝ ոչ թե անհասկանալի է, այլ միանշանակ կարող եմ հերքել, որ որեւիցե շահերի բախում կա ՊԵԿ-ի հետ։ Եթե լիներ տարիներ առաջ, օրինակ իմ դուրս գալուց անմիջապես հետո, գուցե ինչ֊որ տեղ ինչ֊որ շահի բախում կարող էր լիներ, բայց «Դանիամը» ձեռք բերելու պահին ես ՊԵԿ-ի հետ արդեն 3 տարի կապ չունեի»։

«Դանիամ» ընկերությունը ՊԵԿ-ի գնումներին սկսել է մասնակցել եւ հաղթել դեռ այն ժամանակ, երբ ընկերության սեփականատերը Մանե Խաչատրյանն էր։ Հետաքրքիր է, որ վերջինս հենց այդ նույն շրջանում զբաղեցնում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի փոխտնօրենի պաշտոնը։ Կապ հաստատեցինք Խաչատրայի հետ՝ ճշտելու՝ ինչպես է ձեռք բերել ընկերությունը, ինչպես է որոշել մասնակցել ՊԵԿ-ի գնումներին։ Սակայն Խաչատրյանը, պատասխանելով մեր նամակին, հայտնեց, որ ցանկություն չունի որեւէ ձեւաչափով հարցազրույց տալ՝ պայմանավորված խիստ ծանրաբեռնված գրաֆիկով։ 

Նույնպիսի պատասխան ստացանք նաեւ Արամ Սոխակյանից, որը հարցազրույցի խնդրանքը մերժեց դարձյալ ծանրաբեռնվածության պատճառով։ Միայն թե նա նաեւ հավելեց, որ բաց աղբյուրներում առկա տեղեկություններից զատ այլ տվյալներ հայտնել չի կարող, քանզի դրանք հանդիսանում են առեւտրային գաղտնիք, իսկ նման տվյալներ չպարունակող հարցեր քննարկելը նպատակահարմար չի համարում՝ ելնելով գործարար էթիկայի կանոններից։

Շահերի բախման հնարավոր իրավիճակի եւ մեկ մատակարարից կախվածության հնարավոր ռիսկերի մասին մեկնաբանություն ենք խնդրել նաեւ Պետական եկամուտների կոմիտեից։ Ս․թ․ հոկտեմբերի 8-ին ուղարկած մեր գրությանը Պետական եկամուտների կոմիտեից պատասխանել են հոկտեմբերի 17-ին՝ մեջբերելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի այն դրույթները [ի թիվս այլնի], որոնք վերաբերում են գնման գործընթացի կանոններին՝ թափանցիկությանը, մրցակցայնությանը եւ այլն։ Այդպիսով՝ ՊԵԿ-ից վստահեցրել են, որ վերը նկարագրված դեպքն ինքնին չի հանդիսանում շահերի բախման, ինչպես նաեւ գնումների գործընթացին «Դանիամ» ՍՊԸ-ի մասնակցության իրավունքի սահմանափակման իրավիճակ։

Գերատեսչությունից մենք հետաքրքրվել էինք՝ արդյոք այս իրավիճակը Կոմիտեն համարո՞ւմ է մեկ մատակարարից կախվածության դրսեւորում, եւ այն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել։ Ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնել են, որ մատակարարից կախվածության դրսեւորումներ չկան եւ հնարավոր խնդիրների առաջացման ռիսկերը կառավարելի են՝ հաշվի առնելով  ծրագրային ներդրման ապահովման, այդ թվում ծրագրային սպասարկման պայմանագրերի պայմանների պահանջների հետեւյալ դրույթները․

  • նախագծի բոլոր արդյունքները հանդիսանում են պատվիրատուի սեփականությունը,
  • կատարողը պատվիրատուին տրամադրում է ծրագրային ապահովման օգտագործման մշտական եւ անսահմանափակ լիցենզիա, որը հնարավոր չէ հետ կանչել,
  • համակարգի ընդունման համար կատարողը պատվիրատուին է տրամադրում ողջ ծրագրային ապահովմանն առնչվող բոլոր նյութերը եւ փաստաթղթերը,
  • ծրագրային կոդը կպարունակի ողջ տեղեկատվությունը՝ ընթեռնելի տարբերակով, որ ծրագրավորողը կամ վերլուծաբանը կարողանա պահպանել եւ բարելավել ծրագրային ապահովումը: Ծրագրային կոդը եւ համապատասխան փաստաթղթերը պետք է պարունակեն ծրագրավորողի բոլոր մեկնաբանությունները, տեղեկատվության եւ գործընթացների մոդելները, տրամաբանության ձեռնարկները, ինչպես նաեւ գործընթացների հերթագայության սխեմաները։

Թեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի իմաստով տվյալ իրավիճակն իսկապես խնդրահարույց չէ, այդուհանդերձ վերը շարադրվածը կասկածի առիթ է տալիս, որ հնարավոր է՝ գնման գործընթացներում առկա է շահերի բախման՝ օրենքով չձեւակերպված իրավիճակ, քանի որ ՊԵԿ-ի պաշտոնյաները համակարգից հեռանալուց հետո ստանձնել են մի ընկերության ղեկավարում, որը շարունակել է բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքել հենց ՊԵԿ-ի հետ։

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը մեր զրույցում նշում է, որ այս պարագայում թվացյալ շահերի բախում է, եւ խնդիրն ավելի շատ մրցակցության մասով է։ Միաժամանակ, նա նշում է, որ կարող են հիմնավոր լինել այն հավաստիացումները, որ ընկերությունը ոլորտում ամենամասնագիտացվածն է։ 

Մեր զրուցակիցը նկատում է՝ հանգամանքը, որ ընկերության ղեկավարները տարիներ առաջ աշխատել են ՊԵԿ-ում, չի աշխատում։ Շահերի բախման իրավիճակի հաստատման համար հարկավոր է մանրամասն ուսումնասիրել՝ ովքեր են մասնակցում կազմակերպության հետ պայմանագրերի կնքման որոշումների կայացմանը։

Իսկ այն, որ ներկայիս ղեկավարները ՊԵԿ-ում աշխատելու ընթացքում ծանոթ են եղել ընկերության նախկին սեփականատիրոջ հետ, Խուդավերդյանը առանձնապես խնդրահարույց չի համարում՝ նշելով նաեւ, որ բավական ժամանակ է անցել՝ մինչեւ ընկերությունում հաստիքների ստանձնումը։ Մասնագետն այս իրավիճակում մասնավոր շահերի եւ հանրային շահերի միջեւ բախումը չի տեսնում։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հաղթած 19 մրցույթներում «Դանիամը» միակ մասնակիցն է եղել, այստեղ, ըստ Խուդավերդյանի, գնումների ընթացակարգի խնդիր է․

«Այսինքն՝ այստեղ այն իրավիճակը չէ, որ կարելի է ասել՝ բարձր պաշտոնյա է եղել, իր հին ընկերները աջակցում են, անմիջապես արտոնություններ են տալիս։ Նկատի ունեցեք եւս մի հանգամանք, որ գնումների գործընթացները մաքսային (կամ IT) վարչության աշխատողները չեն կազմակերպում»։

Խոսելով միջազգային փորձից՝ մեր զրուցակիցը նկատում է, որ չկա այնպիսի սահմանափակում, որն արգելի կառույցից դուրս գալ, ժամանակ անց մտնել մի ընկերություն, որը խոշոր մատակար է հանդիսանում այդ կառույցի համար․

«Կան սահմանափակումներ, օրինակ, հմտությունների մասով, որ ասում է` գիտեք ինչ կա, եթե աշխատել ես ոլորտում, դուրս գալուց հետո 1 տարի, կես կամ 2 տարի սառեցնում ես գիտելիքներդ, հետո մտնում նույն ոլորտ, որ գիտելիքներդ հնանան, մաշվեն»։

Այս իրավիճակին ավելի խիստ գնահատական է տալիս Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

Ինչպես նա է նկատում՝ իհարկե, ցանկացած 2 անձ իրավունք ունեն պայմանագրեր կնքել, մեկը մյուսին սեփականություն փոխանցել եւ այլն, սակայն առաջին խնդիրը կապված է այն հանգամանքի հետ, և կոռուպցիոն ռիսկերը հենց այն դաշտում են, որ նշյալ ընկերությունը պետական կառույցի մատակարար է, և հենց այն կառույցի, որտեղ նախկինում աշխատել են այդ ընկերության այժմյան ղեկավարները։

«Արդյո՞ք այստեղ ամեն ինչ ըստ շուկայական տնտեսության կանոնների է եղել, թե՞ գործել են նաեւ այլ մեխանիզմներ։ Հարցեր են առաջանում՝ եթե այդ բիզնեսը շահութաբեր է եղել, ինչու է այն վաճառվել, կամ ընդհակառակը, եթե այն շահութաբեր չի եղել, եւ այլն։ Եւ, իհարկե, հանրությունն իրավունք ունի պահանջել, որ նման գործարքները լինեն ավելի բաց, թափանցիկ և ավելի խոր ուսումնասիրվեն պետական կառույցների կողմից՝ մինչև հետագայում նրանց հետ նոր պայմանագրեր կնքելը»

Իսկ արդյոք էական չէ՞, թե պետական կառույցի նախկին աշխատողները որքան ժամանակ անձ են ստանձնել այդ կառույցի մատակարար ընկերության ղեկավարումը․ այս համատեքստում մեր զրուցակիցը, հիշեցնելով օրենսդրությամբ սահմանաված որոշ սահմանափակումներ, առաջարկում է, որ այսպիսի դեպքերի մասով եւս նորմեր սահմանվեն․ 

«Իհարկե, նրանք, ովքեր մտադիր են նման գործարքներում ներգրավել, միշտ ելքը կգտնեն, ինքը չի գնի ընկերությունը, իր ինչ֊որ հարազատի անունով կգնի։ Խնդիրը ոչ միայն կոնկրետ մեխանիզմի անհրաժեշտությունն է, այլեւ այն, որ գործընթացները բաց, թափանցիկ չեն կատարվում»։

Հաջորդ խնդիրը, որի վրա ուշադրություն է սեւեռում մեր զրուցակիցը, այն է, որ տվյալ դեպքում հաղթած մրցույթների գերակշիռ մասում ընկերությունը եղել է միակ մասնակիցը․

«Հայաստանի կառավարությունը մշտապես ասում է, որ IT (ՏՏ) ոլորտը Հայաստանում գերակա ուղղություն է, ստեղծվում ու զարգանում են բազմաթիվ IT ընկերություններ։ Այս ընկերությունն էլ է այդ ոլորտից․ հիմա ինչպե՞ս է ստացվում, որ IT ընկերությունները հետաքրքրություն չեն ցուցաբերում ՊԵԿ-ի կողմից կազմակերպվող ընթացակարգերի նկատմամբ։ Երբ դու IT ընկերության ղեկավար ես, ՊԵԿ-ը հայտարարություն է տալիս, որ իրեն ինչ֊որ ծրագրային ապահովում է պետք, բնական է՝ պետք է շահագրգռված լինես մասնակցել է մրցույթին։ Իսկ ո՞ր դեպքում չես մասնակցի․ եթե գիտես, որ արդեն կանխորոշված են մրցույթի արդյունքները, որովհետև դու ժամանակ, ռեսուրսներ պետք է ծախսես, հայտեր պատրաստես՝ մրցույթին մասնակցես, բայց եթե գիտես, որ այնտեղ արդեն հաղթող ընկերությունը նախապես կանխորոշված է, ինչո՞ւ ժամանակ ծախսես դրա համար։ Իսկ այդ շրջանակներում, ինչպես եւ այլ, մարդիկ իրար ճանաչում են, գիտեն` ով ինչ է անելու»։

Արտակ Քյուրումյանը նկատում է, որ Հայաստանում մրցույթների զգալի մասում միայն 1 ընկերություն է մասնակցում, եւ այս հանգամանքն, ըստ նրա, պետք է անհանգստացնի և՛ կառավարությանը, և՛ տվյալ դեպքում ՊԵԿ ղեկավարությանը։

Միաժամանակ, փորձագետը բնական է համարում այն պատճառաբանությունը, որ հենց տվյալ ընկերությունն է այս ոլորտում այնքան մասնագիտացած, որ ընտրվում է բոլոր հայտերում․

«Մատակարար ընկերությունը միշտ էլ պետք է հիմնավորի իր բացառիկությունը, բայց ինչ վերաբերում է պետությանը, ապա այն պետք է լսի հիմնավորումները, բայց իր գործողություններում առաջնորդվի հանրային շահով։ Եթե կա միայն մի մատակարար, նշանակում է` պետությունը կախվածության մեջ է հայտնվել այդ ընկերությունից, և դա շատ վատ է»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ պետությունը պետք է փորձի բազմազանեցնել իր մատակարարների շրջանակը, խթանել նրանց միջև մրցակցությունը, որպեսզի կարողանա լավագույն գնով ձեռք բերել անհրաժեշտ ծառայությունները։ Իսկ նման պարագայում, ըստ նրա, չի կարելի ասել, որ գնագոյացումն արդար է և ազնիվ․

«Շուկայական տնտեսության մեջ գինը ձևավորվում է մեծ թվով մատակարարների և մեծ թվով սպառողների արդար մրցակցության արդյունքում։ Սա այդ դեպքը չէ»։  

Արտակ Քյուրումյանն ընդունում է, որ մեր օրենսդրությունը դեռևս բավական թերություններ ունի։ Միեւնույն ժամանակ նա նկատում է, որ, ցավալիորեն, պետական կառույցներում շարունակում է ապրել համակարգային կոռուպցիան․

«Պետությունը մի տեղ բռնում է կոռուպցիան, ուրիշ ճանապարհներ են գտնվում պետական միջոցներին տիրանալու համար։ Հիմա, իհարկե, կարելի է ինչ֊որ ձևով օրենսդրությունում սահմանել, որ պետական համակարգից հեռացողը 3 կամ 5 տարվա ընթացքում ընկերություն ձեռք բերելու դեպքում հայտարարագրի այդ փաստը եւ սահմանափակումներ ունենա պետական կառույցների հետ հարաբերություններում»,- ասում է փորրձագետը՝ ուշադրություն հրավիրելով ամենակարեւոր հանգամանքի վրա․ անկախ այդ սահմանափակումներից, առաջնայինը պետության հստակ դիրքորոշումն ու կամքն են, որ պիտի լինեն կոռուպցիայի դեմ պայքարում։