Բարձրագույն դատական խորհուրդը վերացրել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև նրա իրավունքների խախտման փաստն արձանագրող ՍԴ որոշումից հետո նրա գործը ԲԴԽ-ում չվերանայելու վերաբերյալ որոշումները: ԲԴԽ-ն գործով նիստ է նշանակել, որում կրկին քննվելու է Դավիթ Հարությույանին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու ԲԴԽ-ի 2023 թվականի որոշումը, նաև այն չվերանայելու վերաբերյալ 2024 թվականի որոշումը և իրեն վերականգնել դատավորի պաշտոնում։ Նման միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու հիմք է առաջացել այն բանից հետո, երբ ՍԴ-ն երկրորդ անգամ կայացրել է Հարությունյանի իրավունքների խախտման վերաբերյալ որոշում։
2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։ ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։ Բացի այդ՝ նիստի ընթացքում Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, և սա այն դեպքում, երբ դատավորը դեռևս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։ Այն պահին, երբ դատավորին հեռացրել են նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չեն եղել նաև դատավորի փաստաբանները։ ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, և 2024-ի մայիսի 21-ին ՍԴ-ն որոշում էր կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել, գործը ենթակա է վերանայման։ Այս որոշումից հետո դատավորը դիմել էր ԲԴԽ իր գործը վերանայելու համար, սակայն ԲԴԽ-ն գրավոր ընթացակարգով քննել էր դիմումն ու որոշում կայացրել նախկին որոշումը չվերանայելու մասին։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։