civilnet.am Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկա ավագանի նիստի ժամանակ փոփոխություններ բերել օդի որակի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարվեց քաղաքապետարանի դեկտեմբերի 15-ի աշխատանքային քննարկման ժամանակ։
Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը նշեց, որ նախատեսվում է երկու փոփոխությունների նախագիծ իրականացնել՝ մարդածին աղբյուրներից արտանետումները նվազեցնելու նպատակով։
«Մենք նախատեսում ենք լրացուցիչ փոփոխություններ ներկայացնել՝ նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները։ Առաջինի դեպքում լրացուցիչ սահմանափակում են կիրառվելու շինարարական հրապարակների նկատմամբ, իսկ երկրորդ փոփոխությունները վերաբերերլու են պարտադիր բարեկարգման նորմերին, որոնք կիրառելի ենք դարձնելու նաև հանքավայրերի դեպքում»,- ասաց Հայկազյանը։
Նա հավելեց, որ վերջին օրերին օդի որակը մայրաքաղաքում բարելավվել է՝ հասնելով ամառվա ցուցանիշներին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Երևանում օդի որակի խնդիրը մեծապես պայմանավորված է բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով, սակայն քաղաքապետարանն ունի որոշակի լծակներ ազդելու օդի որակի վրա և այդ ուղղությամբ աշխատում է։
Նիստի ժամանակ քննարկվեց նաև շաբաթ օրը համացանցում տարածված մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է «Հայգեր» մակնիշի ավտոբուս ծուխ արձակում և երթևեկում մայրաքաղաքով։
Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության՝ ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուխ։ Քաղաքապետարանը հայտնեց, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս և ուղևորվելիս է եղել հավաքակայան։ Վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն։
Տիգրան Ավինյանի խոսքով էլ՝ «շատ վախենալու տեսարան էր»։
Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի