civilnet.am Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 15-ին քննարկվեց Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման ընթացքը։
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը զեկուցեց, որ հիմնական փլուզված հատվածը կառուցապատողի կողմից վերականգնվել է։
«Ներկայումս ապահովված է նշված ճանապարհին երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նշված ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի իրականացնել հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքներին զուգահեռ»,- հաղորդեց Ռուբեն Խոջոյանը։
Նիստի ընթացքում ցուցադրված տեսանյութում, սակայն, երևում էր, որ երթևեկելի երկու գոտին ամբողջությամբ վերականգնված չէ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ճշտող հարցին, թե փոքր հատված է մնացել, Ռուբեն Խոջոյանը պարզաբանեց, որ խոսքը մոտ տասը մետր տարածքի մասին է։
«Այդտեղ փաստացի երկու մեքենաների անցանելիությունը ապահովված է, խցանումների պահին ուղևորությունը կթեթևանա համեմատաբար»,- ասաց Խոջոյանը։