ԱԱԾ տնօրենի տեղակալը չպատասխանեց հարցին, թե Գարեգին Բ-ի անունը պատարագի տեքստից հանելը մտնո՞ւմ է ԱԱԾ լիազորությունների մեջ | pastinfo.am

pastinfo.am  ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը չի մեկնաբանում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը պատարագի տեքստից հանելը արդյոք մտնու՞մ է ԱԱԾ լիազորությունների մեջ։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին խնդրանքով է դիմել՝ ասելու հոգևորականներին, որ Վեհափառի անունը չասեն պատաչագի ընթացքում, բայց երբ լրագրողը որպես քաղաքացի և քրիստոնյա դիմել է՝ խնդրելով,որ Վեհափառի անունը չհեռացվի՝ որևէ արձագանք չի եղել՝ կրկին պատասխան փաստացի չստացվեց։

«Եկեք հասկանանք, որ լրագրողների հետ շփման իմ առաջին փորձն է, եկեք մնանք կառուցողական դաշտում, ըստ էության, ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեությանը, բոլորս անում ենք մեր աշխատանքը ու տեղեկատվություն ենք հավաքագրում, որը պետք է լինի օբյեկտիվ ու մաքսիմալ ճիշտ գնահատվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ 2025թ. մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարբեր գրառումներ է կատարել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերաբերյալ, այնուհետև սկսել պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նշելով, թե վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը, ուստի՝ իրենք նրան չեն համարում Ամենայն Հայոց Կաթողիկոս: 2025թ. հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ սկսում են «վեհարանը ազատելու գործընթաց»: Ապա Փաշինյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները տարբեր եկեղեցիներում սկսեցին մասնակցել կիրակնօրյա պատարագներին՝ մեկնարկելով Հովհաննավանքից, որի քահանան՝  Տեր Արամը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան), կարգալույծ էր արվել: Մինչ օրս ամեն կիրակի Փաշինյանը և նրա կողմնակիցները մասնակցում են կիրակնօրյա պատարագների, որոնք անցկացնում են քահանաներ, որոնք կա՛մ կարգալույծ են արվել Հայ առաքելական եկեղեցու կողմից, կա՛մ պատարագի ընթացքում չեն հնչեցնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Նիկոլ Փաշինյանը 2025թ. դեկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք մասնակցում են միայն այն պատարագներին, որոնց ընթացքում չի հնչում Գարեգին Բ-ի անունը՝ չհերքելով տեղեկությունը, որ ԱԱԾ աշխատակիցները (և ոչ միայն) մինչ իրենց՝ պատարագի գնալը խոսում են քահանայի հետ և տեղեկացնում իրենց վերաբերմունքի մասին:

2025թ. դեկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելու, ինչպես նաև պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում ՀՀ օրհներգը հնչեցնելու հարցը:

Իշխանական լրատվամիջոցներում հրապարակված նամակի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ, որոնք ավելի վաղ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջել են Գարեգին Բ-ի հրաժարականը՝ որպես պատճառ նշելով այն հանգամանքը, որ վերջինս չի կասեցրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը, երբ Քննչական կոմիտեն հաստատել է, թե Սրբազանին վերագրվող անպատշաճ տեսանյութերում վերջինս է: Մայր Աթոռը ավելի ուշ հայտարարել է, որ եպիսկոպոսների նամակում տեղեկությունները խեղաթյուրված են ներկայացված, և որ հրավիրվելու է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվելու է Արշակ սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Եպիսկոպոսների ժողովը, սակայն, հետաձգվել է՝ «նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները»:

Այս պահին տարբեր քրեական գործերով անցնում են և կալանքի տակ են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության բռնազավթման մեջ), Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (կալանավորված է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում), իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման (իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածով): Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է այս գործողությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն