civilnet.am Ադրբեջանով անցնող երկաթուղով ցորենի հերթական բեռները Հայաստանի ճանապարհին են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Նոր խմբաքանակն ավելի շատ է։ Երրորդ կամ երկրորդ կարգի ցորեն է»,- ասաց Պապոյանը։
Նախարարն այլ մանրամասներ չհայտնեց։
Անդրադառնալով Ադրբեջանից նավթամթերքի ներկրման թեմային, Պապոյանը հայտնեց, որ ներկրման ժամկետի հետ կապված դեռևս նորություն չկա։ Նախարարը հրաժարվեց նաև հայտնել, թե որ ընկերություններն են ներկրելու ադրբեջանական նավթամթերքը։
«Առևտրային գաղտնիք է, ընկերություններից հարցրեք»,- ասաց Պապոյանը։
Նոյեմբերի 6-ին և 8-ին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով ցորեն է ներկրվել Հայաստան։ Դա վերջին 35 տարվա ընթացքում առաջին երկաթուղային փոխադրումն էր։
Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ քննարկվում է նավթի և նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հայտնել են, որ Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար։