«Ես՝ Կարեն Ղամբարյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալի հարցաքննությունը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործով հարցաքննության։
Հովիկ Գաբրիելյանը, որ պատերազմի ժամանակ եղել է Խնձորեսկի զորամասի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարը, այժմ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2020 թ․ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրաժարվել է կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու եւ վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու նպատակով իր ստացած հրամանները եւ առանց վերադաս հրամանատարների գիտության եւ համապատասխան թույլտվության՝ պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին։
Կատարվածի հետեւանքով հարեւան ստորաբաժանումների 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։
Հովիկ Գաբրիելյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունում։
Ցուցմունք տալով՝ վկա Ղամբարյանը հայտնեց, որ Գաբրիելյանին ճանաչում է ծառայության բերումով, նրա հետ ունի միայն ծառայողական հարաբերություններ։ Հավելեց՝ որեւէ մեկից Գաբրիելյանի վերաբերյալ բացասական կարծիք չի լսել, կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանը նրան որպես «ձիգ» հրամանատար է բնութագրել։
Ղամբարյանը, սակայն, դեպքի վերաբերյալ առանձնապես տեղեկություններ չուներ, նրա խոսքով՝ ինքն այդ օրը Գաբրիելյանի հետ չի եղել, նրա՝ բնագծից դուրս գալու մասին 2-3 օր հետո է տեղեկացել, երբ կորպուսի հրամանատարն է բարկացած խոսել։ Թե ինչ հանգամանքներում է Գաբրիելյանը դուրս եկել, վկան չգիտեր։

Հաշվի առնելով, որ նա սպառազինության գծով տեղակալ է եղել՝ հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը նրան հարցեր հղեց Գաբրիելյանի գումարտակի տեխնիկական համալրվածության վերաբերյալ․
– Խնձորեսկի գումարտակը 1-ին բանակային կորպուսին ենթակա՞ ստորաբաժանում էր։
– Այո։
– Դուք վերադա՞ս էիք գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանին։
– Այո։
– Եթե նրա գումարտակին սպառազինություն անհրաժեշտ լիներ, ո՞ւմ պիտի դիմեին։
– Գումարտակի հրամանատարը՝ կորպուսի հրամանատարին, նա էլ ինձ էր հանձնարարելու զբաղվել այդ հարցով։
– Եղե՞լ է, որ նման հանձնարարություն ստանանք Խնձորեսկի գումարտակի հետ կապված, որ վերջինիս բնագծում գտնվելու ժամանակահատվածում իրականացնեք սպառազինության մատակարարում։
– Չէ։
– Հնարավո՞ր է՝ խնդիր եղած լինի, բայց Ձեզ հասած չլինի։
– Չէ, զինամթերքը իմ տիրապետության տակ է եղել, բացառված է։

Մեղադրողի այս հարցերը պայմանավորված էին նրանով, որ ըստ մեղադրյալ Գաբրիելյանի՝ իր գումարտակը սպառազինության խնդիր է ունեցել, եւ ինքն այդ մասին զեկուցել է շտաբի պետին։ Այս դրվագի վերաբերյալ վկային հարցեր տվեց նաեւ մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը՝ հայտնելով, որ դատաքննության ընթացքում հարցաքննված անձինք, մասնավորապես, Գաբրիելյանի տեղակալներ Կոլյա Դավթյանը եւ Հրաչյա Ղազարյանը, ցուցմունքով հայտնել են, որ իրենք լսել են, որ հոկտեմբերի 4-ի գիշերը Գաբրիելյանը զեկուցել է շտաբի պետին, ասել է՝ «շրջափակման մեջ ենք հայտնվում եւ չունենք համապատասխան միջոցներ, զորքի վիճակը շատ վատ է, թույլ տվեք առաջնագիծը հետ քաշենք», շտաբի պետն էլ պատասխանել է՝ «չենք կարող օգնության գալ, ոնց ուզում ես, արա»։ Վկային, սակայն, այս մասին ոչինչ հայտնի չէր, նրա խոսքով՝ գումարտակի հրամանատարների եւ շտաբի պետի միջեւ զեկույցները իրեն ռադիոկապով լսելի չէին։
– Իսկ եթե լիներ տեխնիկայի խոցում, Դուք իմանալո՞ւ էիք այդ մասին,- հարցրեց մեղադրողը։
– Այո, գումարտակի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալը՝ Գեղամ Ասատրյանը, անմիջապես տեղյակ էր պահում ինձ։
– Հովիկ Գաբրիելյանի ստորաբաժանման քանի՞ տեխնիկա է խոցվել։
– Չեմ հիշում, բայց եղել է։
– Իսկ երբ դուրս են եկել, ամբո՞ղջ տեխնիկան են հանել։
– Չեմ հիշում, – պատասխանեց վկան՝ ավելի ուշ մանրամասնելով, որ ինքը կապ է հաստատել Գեղամ Ասատրյանի հետ, սակայն տեխնիկան դուրս չբերելու այլ պատճառ, քան խոցումն էր, չի նշվել։ Նշենք՝ դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ դուրս գալիս զորքը ոչ ամբողջ տեխնիկան է իր հետ հանել։

Պատասխանելով կողմերի հարցերին՝ վկան հայտնեց, որ սպառազինության մատակարարման հնարավորություն, ամեն դեպքում, եղել է, կարող էին նաեւ այլընտրանքային ճանապարհով մատակարարել, եթե նման պահանջ լիներ։ Միաժամանակ նա պնդեց, որ պատերազմի սկզբի օրվանից մինչեւ վերջ զինամթերքի խնդիր չեն ունեցել։
– Որ խոսում էիք, Գեղամ Ասատրյանը որտե՞ղ էր,- հարցրեց մեղադրողը։
– Խնձորեսկում։
– Ինչո՞ւ էր Խնձորեսկում։
– Ասաց՝ հրամանատարը հրաման է տվել, եկել են։
– Այդ հրամանը նորմա՞լ էր Ձեզ համար, բնականո՞ն էր ստորաբաժանման՝ իր մշտական տեղակայման վայրում (մտվ) գտնվելը։
– Չի պարզաբանել ինձ։
– Բայց էլի կայի՞ն ստորաբաժանումներ,կ որ գտնվում էին իրենց մտվ-ում։
– Չէ, բոլորը դուրսն էին։
– Այսինքն՝ իրավիճակը արտառո՞ց էր։
– Դե հա, բայց հեռախոսակապով չէր կարող մանրամասնել։
Իր խոսքի մեջ վկան նշեց նաեւ, որ Գաբրիելյանի ստորաբաժանումը պատերազմի ընթացքում տանկեր ունեցել է։ Պաշտպան Խաչիկյանը հետաքրքրվեց, թե այդ երբ է ունեցել, տվյալ դեպքում խոսքը հոկտեմբերի 3-4-5-ի մասին է։ Վկան, սակայն, դժվարացավ ամսաթիվ հստակեցնել։ Պաշտպանն էլ հիշեցրեց՝ կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանն է իր ցուցմունքով հայտնել, որ Գաբրիելյանն այդ ժամանակ տանկեր չի ունեցել (նրա հարցաքննությունն իրականացվել է դռնփակ,–հեղ․)։
Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ վկան հիմա՞ է ավելի լավ հիշում իրադարձությունները թե՞ քննիչի մոտ ցուցմունք տալիս։ Ի պատասխան՝ վկան ասաց, որ տարբերություն չկա։ Հարցին՝ իրեն ճշմարտախո՞ս մարդ է համարում, վկան դրական պատասխանեց։ Բացառեց, որ քննիչի կամ որեւէ այլ անձի ուղղորդմամբ կարող է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ։ Թե ինչու էր դատավորը այս հանգամանքները ճշտում, չպարզաբանեց․ կողմերից որեւէ մեկը չներկայացրեց միջնորդություն՝ վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասությունների առկայության մասին։
Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 26-ին։