ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար 250 մլն դոլարի վարկ կներգրավի | armenpress.am

armenpress.am Հայաստանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկից կներգրավի 250 մլն դոլարի վարկ։

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Այն նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում  է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի չափով վարկ, Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներն էլ կազմում են 16 մլն 450 հազար դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը»,-ասաց Խաչատրյանը։

Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել կառավարության կողմից դեռևս 2024 թվականին հաստատված Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագիրը։ Ընտանիքները պայմաններին բավարարելու դեպքում կարող են դիմել ու ստանալ հավաստագրեր ու իրենց նախընտրած բնակավայրում գնել տուն։

Փոխնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել ու ստացել է բնակարանի հավաստագիր, նրանցից 1631-ը ձեռք է բերել տունը։

Հայաստանին տրամադրվող վարկի չափը 250 մլն դոլար է, վարկային միջոցների մասհանման ժամկետ է սահմանվում է մինչև 2030 թ դեկտեմբերի 31-ը։ Վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, առաջին 10 տարին սահմանվում է արտոնյալ ժամկետ։ Վարկի տոկոսադրույքը կազմում է SOFR-ի տոկոսադրույք, որը հոկտեմբերի 30-ի՝ համաձայնագրի կնքման օրվա դրությամբ կազմել է 4.04 տոկոս+ 0.8 տոկոս մարժա, այսինքն՝ 4.84 տոկոս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն