news.am Շատ տարբեր դիտակետերից է կարելի վերլուծել այս գործընթացը. առաջինը, այո, սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերին՝ ընտրական գործընթացի համար անհասկանալի տրամաբանության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն 15 մլն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։
«Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն, եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով նկատի ունեն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի և Թուրքիայի համար, նկատի ունեմ Փաշինյանին, ապա այո, այդ տրամաբանության մեջ առկա է Հայաստանում արտաքին ներգործություն։ Ցանկացած այլ տրամաբանություն ես չեմ հասկանում։
Փաշինյանի թիմակիցները շատ հաճախ են խոսում հիբրիդային պատերազմի, արտաքին ներգործության և այլնի մասին։ Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյալ, որոնց անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապված, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցած չկա։ Նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ով հիմա ապօրինաբար, որպես քաղբանտարկյալ, շինծու հոդվածով անազատության մեջ են, նույնիսկ իրենց համար կարվել են այլ հոդվածներ։
Փաշինյանը այդպես էլ չի հասկանում, որ ինքը այլևս ծախու խմբագիր չի, ինքը չի կարող հանդես գալ օդում կախված լուրերով։ Եթե Հայաստանում առկա են, բացի իրենցից, իհարկե, արտաքին երկրների գործակալներ, իրենք ունեն ամբողջ ուժային համակարգը, քննչականը, ԱԱԾ-ն և ես չեմ հասկանում այդ օդի մեջ անիմաստ կրակելու տրամաբանությունը»,– հայտարարեց Մամիջանյանը։
Նա նկատեց նաև, որ իր համար անհասկանալի է, որ եվրոպացի գործընկերները մի ռեժիմի, որը քաղբանտարկյալներ է պահում, ոստիկանական բռնաճնշումներ է իրականացնում, դատական համակարգն է ուզուրպացրել, մի հատ էլ իրենց քաջալերում են հավելյալ ֆինանսավորումով. «Ընդ որում, մեկ կետ էլ է զարմանալի, երկար տարիներ անդադար խոսվում է ԵՄ-ից եկող ահռելի ֆինանսավորման մասին, հլը որ խոստումների մակարդակով, որովհետև չի հրապարակվել, թե ուր է գնացել այդ 250 կամ 225 միլիոնը, բայց կտեսնեք հեսա այդ 15 միլիոնը շատ արագ կգա, որովհետև դա Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է։
Ես վայրկյան անգամ չեմ կարող պատկերացնել, թե ինչ են անելու այդ գումարը։ Սա էական է ոչ միայն փողի ուղղակի ներգործության տեսանկյունից, այլ նաև ակնհայտ է դարձնում այն փաստը, որ հետագայում Փաշինյանը ինչ ուզի՝ անելու է այլախոհների նկատմամբ, ընդդիմադիրների նկատմամբ, և դա փաթեթավորելու է, որ արտաքին ներգործություն և այլն։
Եթե նկատի ունեն, որ օտարերկրյա ներգործությունը դա ադրբեջանական կամ թուրքական ներգործությունն է, որը հաճախ իրականացվում է հենց իշխանություն կոչվածի կողմից, դրա հետ համաձայն եմ, բայց խիստ կասկածում եմ, որ Արարատ Միրզոյանը գնացել էր փող խնդրեր Եվրոպական Միությունից իրենց դեմ պայքարելու համար։
Սա էական է երկու բաղադրիչով, առաջին որ գումարի տեսքով ֆինանսական ներգործություն է իրականացվում Հայաստանում ընտրական գործընթացներին, և երկրորդ հարթություն, սա ակնհայտ քարտ բլանշ է, որով իրականացվելու են բոլոր բռնաճնշումները»,– ընդգծեց Մամիջանյանը։