Մայր Աթոռը՝ Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին։

«Սուրբ Պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի հետևյալ հիմնական ու կարևոր նշանակությունները՝

Ա․ ծիսական, որով իր ամբողջության մեջ արտահայտվում է Սուրբ Պատարագի խորհուրդը և Պատարագամատույցը՝ որպես Եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական սրբազան մատյան․

Բ․ եկեղեցաբանական-կանոնական, որով հաստատվում է Սուրբ Պատարագի հացի ու բաժակի շուրջ համախմբված տեղական համայնքը՝ իբրև Ընդհանրական եկեղեցու մաս, որի հոգևոր առաջնորդն է եպիսկոպոսը, իսկ պատարագիչ քահանան կամ եպիսկոպոսն իր եկեղեցական-կանոնական միությունն է հաստատում Մայր Եկեղեցու և նրա առաջնորդի՝ եպիսկոպոսապետի հետ։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում եպիսկոպոսի անվան հիշատակության առաջին վկայությունն առկա է Խոսրով Աձևացու՝ Հայոց եկեղեցու պատարագամատույցի մեկնության մեջ, դեռևս 10-րդ դարում։ Ըստ Խոսրով Անձևացու՝ եպիսկոպոսի անվան հիշատակությունը կարևոր է, քանի որ ուղղափառ վարդապետության տեսուչը եպիսկոպոսն է, և քահանան դրանով հաստատում է նրանից ստացած խորհրդական իշխանությունը և Սուրբ Պատարագն ուղղափառ վարդապետության համաձայն մատուցելը։

Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և եպիսկոպոսի անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը ոչ միայն Ընդհանրական Եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնին հակառակ է, այլև աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։

Հիշյալ անունների հիշատակումը Սուրբ Պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական և ընդհանրական Եկեղեցու մաս։ Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ

  • պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, քանզի ուղղափառության տեսուչը եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են,
  • իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից,
  • մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը»։

Հիշեցնենք, որ 2025թ. մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարբեր գրառումներ է կատարել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերաբերյալ, այնուհետև սկսել պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նշելով, թե վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը, ուստի՝ իրենք նրան չեն համարում Ամենայն Հայոց Կաթողիկոս: 2025թ. հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ սկսում են «վեհարանը ազատելու գործընթաց»: Ապա Փաշինյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները տարբեր եկեղեցիներում սկսեցին մասնակցել կիրակնօրյա պատարագներին՝ մեկնարկելով Հովհաննավանքից, որի քահանան՝  Տեր Արամը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան), կարգալույծ էր արվել: Մինչ օրս ամեն կիրակի Փաշինյանը և նրա կողմնակիցները մասնակցում են կիրակնօրյա պատարագների, որոնք անցկացնում են քահանաներ, որոնք կա՛մ կարգալույծ են արվել Հայ առաքելական եկեղեցու կողմից, կա՛մ պատարագի ընթացքում չեն հնչեցնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Նիկոլ Փաշինյանը 2025թ. դեկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք մասնակցում են միայն այն պատարագներին, որոնց ընթացքում չի հնչում Գարեգին Բ-ի անունը՝ չհերքելով տեղեկությունը, որ ԱԱԾ աշխատակիցները (և ոչ միայն) մինչ իրենց՝ պատարագի գնալը խոսում են քահանայի հետ և տեղեկացնում իրենց վերաբերմունքի մասին:

2025թ. դեկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելու, ինչպես նաև պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում ՀՀ օրհներգը հնչեցնելու հարցը:

Իշխանական լրատվամիջոցներում հրապարակված նամակի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ, որոնք ավելի վաղ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջել են Գարեգին Բ-ի հրաժարականը՝ որպես պատճառ նշելով այն հանգամանքը, որ վերջինս չի կասեցրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը, երբ Քննչական կոմիտեն հաստատել է, թե Սրբազանին վերագրվող անպատշաճ տեսանյութերում վերջինս է: Մայր Աթոռը ավելի ուշ հայտարարել է, որ եպիսկոպոսների նամակում տեղեկությունները խեղաթյուրված են ներկայացված, և որ հրավիրվելու է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվելու է Արշակ սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Եպիսկոպոսների ժողովը, սակայն, հետաձգվել է՝ «նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները»:

Այս պահին տարբեր քրեական գործերով անցնում են և կալանքի տակ են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության բռնազավթման մեջ), Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (կալանավորված է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում), իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման (իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածով): Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է այս գործողությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն