Առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն

2021 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) համայնքային սպասարկման կենտրոններն ընդգրկված չեն Արդարադատության նախարարության կազմում և, հետևապես, նախարարության անմիջական վերահսկողությունից դուրս են: Վերջիններս թեև իրականացնում են ՔԿԱԳ գործառույթներ, սակայն հնարավոր չի լինում վերահսկել ծառայությունների մատուցման որակը, անհրաժեշտության դեպքում՝ տալ ցուցումներ և հետևել կատարման ընթացքին, ինչպես նաև բովանդակային լուծում տալ քաղաքացիների կողմից ամենօրյա ռեժիմով բարձրացվող բազմաթիվ խնդիրներին և բողոքներին:

ՀՀ ԱԺ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը դեկտեմբերի 16-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Փոխնախարարի խոսքով վերոնշյալ կառավարման համակարգի պայմաններում ընդհանրապես բացակայում է միասնական մոտեցումը ՔԿԱԳ համակարգի վերաբերյալ, ինչի արդյունքում ստացվում է, որ միևնույն գործառույթներ իրականացնող համայնքային գրասենյակներից երկուսում աշխատողները գործում են ՔԿԱԳ անմիջական ենթակայությամբ, իսկ մյուս համայնքներում՝ համայնքային ենթակայությամբ: Նման տարանջատումն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Ընդ որում՝ խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն վերջիններս չունեն այդ խնդիրները լուծելու համար բավարար լիազորություններ և ռեսուրսներ:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:

Բացի այդ, ծառայությունների որակը բարելավվելու նպատակով առաջարկվում է վերանայել նաև մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող տուրքերը:

Փոխնախարարն ընդգծել է, որ փոփոխությունը կարևոր է նաև վիզաների ազատականացման գործում: 2018 թվականին ընդունվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վրա են հիմնված ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները, որի շրջանակում ընթանում է նաև ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների շուրջ երկխոսության գործընթացը: Մասնավորապես, համաձայնագրում հստակ շեշտադրված է, որ իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման գործընթացում պետք է իրականացվեն քաղաքացիական կացության և քաղաքացիական գրանցման գործընթացների ամբողջականությանն ու անվտանգությանն ուղղված գործողություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն