Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին | hetq.am

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

«Փաթեթով առաջարկվում է վերացնել «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրա կիրառման ընթացքում բացահայտված բովանդակային եւ տեխնիկական խնդիրները:

Մասնավորապես, առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300 հազար դրամը եւ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաեւ վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման եւ գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք հեղինակի կողմից ընդունվել են: Հովհաննես Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն