Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
«Իշխանությունների մեղադրանքի հիման վրա կալանք կիրառելու ցանկություն դրսեւորեց, հակառակ կողմի հիմնավորումները հաշվի չառնվեցին։ Դատարանը հաշվի չառավ այն հանգամանքը, թե ով է Վարդան Ղուկասյանը, պատգամավորների եւ դերասանի երաշխավորությունները»,- նշեց նա՝ դատական ակտը համարելով անարդարացի։
Փոստանջյանի խոսքով՝ առկա էր այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորություն, մինչդեռ դատարանը բավարարեց շարունակական կալանքը․ «Աա նշանակում է՝ դատարանն այն քաղաքականությունն է իրականացրել, որը ցանկությունն է Նիկոլ Փաշինյանի»։
Փոստանջյանը նշեց, որ որոշումը կբողոքարկեն։
Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Մեղադրողի խոսքով՝ բարձր ռիսկ կա, որ մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում հանցանք կկատարի և անօրինական ազդեցություն կգործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ՝ առնվազն իր օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով։
Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն ներկայացրին ԱԺ ընդդիմադիր 3 պատգամավորներ՝ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Մհեր Մելքոնյանը, և դերասան Լևոն Հարությունյանը։
Պաշտպանները առաջարկել էին կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ կամ դրանց համակցությունը, որով հնարավոր է ամբողջությամբ ապահովել Ղուկասյանի իրավաչափ վարքագիծը և կանխել ռիսկերը։