armenpress.am Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց Երևանում գործող առևտրի կետերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում խանութում տարբեր գներ են առաջարկվել՝ կախված վճարման եղանակից։ Վարչապետը նշեց, որ աշխատակազմի ներկայացուցիչներին հայտնել են, որ կանխիկ վճարման դեպքում գինը մեկ է, իսկ քարտով վճարելու դեպքում՝ այլ։ Փաշինյանը դա որակել է որպես ստվերային առևտրի դրսևորում և անընդունելի երևույթ։
«Այս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ի՞նչ է նշանակում՝ Երևան քաղաքի կենտրոնում նման բան լինի։ Եթե խանութում ասում են՝ կանխիկով մի գին է, քարտով՝ ուրիշ»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել և տվյալ առևտրի կետի գործունեությունը դադարեցնել՝ հայտարարելով, որ անձամբ է վերցնում գործընթացի վերահսկողությունը։
«Փակեք այդ խանութը։ Առևտուր չպետք է լինի, մինչև անձնական թույլտվություն չտամ։ Կզեկուցեք անձամբ»,-ասաց վարչապետը։
Նա նաև ընդգծեց անկանխիկ վճարումների խթանման կարևորությունը՝ նշելով, որ հանրային և օրինական կյանքի բոլոր գործողությունները հնարավոր է իրականացնել անկանխիկ եղանակով, իսկ կանխիկի շրջանառությունը հաճախ կապված է ստվերային գործարքների և կոռուպցիոն ռիսկերի հետ։
Վարչապետը նաև անդրադարձավ բջջային հեռախոսների ներմուծման ոլորտին՝ հանձնարարելով արագ ներդնել այնպիսի համակարգ, որը թույլ չի տա երկրում շրջանառել հեռախոսներ, որոնց հարկերը չեն վճարվել՝ բացառությամբ քաղաքացիների կողմից սահմանված քանակով անձնական ներմուծումների։
Փաշինյանը հավելեց, որ կառավարության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, հատկապես գյուղական համայնքներում, միտված են քաղաքացիների կյանքի պայմանների բարելավմանը, և ստվերային տնտեսության դրսևորումները հակասում են այդ քաղաքականությանը։