Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ «Իմնեմնիմի-2» անվանումը ստացած քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Քրեական վարույթի նյութերն արդեն ստացել եմ։ Այն բաղկացած է 2 հատորից։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հաղորդում ներկայացրել իրավապահներին, որպեսզի իրավական գնահատական տան «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ հնչած վիրավորական արտահայտություններին և սպառնալիքներին:
Ալեն Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի թողարկումներից մեկին, որի հյուրը Սերժ Սարգսյանն էր, «շան լակոտ» և «լածիրակ» էր անվանել Սաղաթելյանին ու Սամսոնյանին: Այս գրառմանը արձագանքել էին Սաղաթելյանն ու Սամսոնյանը՝ հայհոյանքներ հնչեցնելով Սիմոնյանի հասցեին, ինչից հետո Սիմոնյանը գրել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը իր և իր ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ են հնչեցրել՝ նշելով, որ «այդ բոլոր բառերի համար դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»: