Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար, ո՛չ նախագահ եղած ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությունը։
«Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։ Իսկ եթե համագործակցել է հետախուզության ուղղությամբ, ապա էդ մարդն էդ երկրին` ԽՍՀՄ-ին, որ կազմում նաև Հայաստանն էր, օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ նման հայտարարություն անելուց առաջ հասարակության համար ինչ-որ նրբերանգներ պետք է բացվեն․ «Եթե դա չի լինում, ուրեմն այլ, ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Բացի այդ, առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։