Երևանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանի ընկերությունը նրա պաշտոնավարման ընթացքում մասնակցել և հաղթել է քաղաքապետարանի կազմակերպած մի շարք գնման ընթացակարգերում։
Շինարարական գործունեություն ծավալող «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ 2024 թվականի դրությամբ ընկերության 44.8% բաժնետերը Էդգար Զաքարյանն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2022-2023 թվականներին եղել է Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ 2023 թվականի ավագանու ընտրություններին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Մինչև 2024 թվականը Զաքարյանը եղել է նաև վերոնշյալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։ 2024-ին նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ և նույն թվականին էլ թողել ընկերության տնօրենի պաշտոնը։ Չնայած դրան՝ ընկերության գործունեության հասցեն շարունակում է մնալ Զաքարյանի հաշվառման հասցեն։
«Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ընկերությունը Զաքարյանի՝ Երևանի ավագանու անդամ լինելու ընթացքում հայտ է ներկայացրել քաղաքապետարանի հայտարարած մրցույթներից 27-ին, հաղթել՝ 7-ում՝ կնքելով ընդհանուր 32 մլն դրամի պայմանագիր։
Կնքված պայմանագրերով ընկերությունը պարտավորվել է Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում իրականացնել բակերի հիմնանորոգման, թեքահարթակների և հենապատերի կառուցման աշխատանքներ։ 2023 թվականի սեպտեմբերից Զաքարյանի ընկերությունը չի մասնակցել Երևանի քաղաքապետարանի գնումներին։
«Ինֆոքոմը» կապ է հաստատել Էդգար Զաքարյանի հետ՝ ճշտելու՝ արդյոք տեսնո՞ւմ է շահերի բախում այս իրավճակում։ Վերջինս մեզ պատասխանել է, որ «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ընկերությունն օրենքով անթույլատրելի որևէ գործողություն չի իրականացրել։
«Երևանի ավագանին քաղաքական մարմին է և որևէ գործառույթ չունի Երևանի գործադիր աշխատանքներում ընդգրկված մասնագիտական օղակների հետ, նրանք ավագանու անդամներին ենթակա չեն… Նախկինում իմ ղեկավարած այս ընկերությունը այդ ժամանակահատվածում մասնակցել է բազմաթիվ մրցույթների, բայց հաղթել է տարվա մեջ 2-3 մրցույթ։ Չենք ունեցել «մեկ անձից» գնման ոչ մի օրինակ։ Ասեմ ավելին՝ 1-2 պայմանագրերում ուշացումներ ենք ունեցել, ինչի արդյունքում տուգանվել ենք ընդհանուր մոտ 800 հազար դրամով։ Այս ամենից հետո էլ 2023-ին մեր ընկերության կողմից, որպես բարեգործություն, իրականացրել ենք Երևանի թիվ 144 դպրոցի 2 դասարանների վերանորոգում մոտ 2 մլն դրամի չափով»։
Էդգար Զաքարյան
Շահերի բախման առկայության մասին հարցեր ենք ուղղել նաև Երևանի քաղաքապետարանին։ Կառույցից խուսափել են ուղիղ պատասխանել, միայն նշել են, թե գնման ընթացակարգերը իրականացվում են էլեկտրոնային ձևով, իսկ պայմանագրերը մուտքագրվում են Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման բաժին, ուստի մինչև պայմանագրի կնքումը գնահատող հանձնաժողովը հիմնարար հիմքեր չունենալու պարագայում չէր կարող ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը։ Ըստ էության, քաղաքապետարանն այդպես էլ չի պատասխանել՝ կա՞ շահերի բախում այս իրավիճակում, թե՞ ոչ։
Փոխարենն այս հարցին պատասխանում է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որի համաձայն՝ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել հայտարարություն՝ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների վերաբերյալ։ Օրենքը շահերի բախումը սահմանում է որպես իրավիճակ, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Մասնավոր շահը կարող է լինել որևէ արտոնություն ոչ միայն իր հետ փոխկապակցված անձանց, այլ նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Տվյալ դեպքում Էդգար Զաքարյանը և այդ ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը (այժմ պաշտպանության փոխնախարար) նույն խմբակցության անդամներ էին, այսինքն՝ ունեին քաղաքական հարաբերություններ։
Շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022-2023 թվականներին չի ներկայացրել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ինֆոքոմին» հայտնել են, որ մինչև 2023 թվականը շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություն ներկայացնելը հայեցողկան բնույթ է կրել։
«Գրավոր հայտարարությունների պարտադիր ներկայացման պահանջն օրենքով ամրագրվել է միայն 2023-ի տարեսկզբին։ Մինչև այդ օրենքի համաձայն վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը կարող էր շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ընկերության՝ Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրերից մեկն է միայն այս օրենսդրական փոփոխությունից հետո կնքվել, սակայն շահերի բախման իրավիճակի վերաբերյալ գրավոր հայտարարություն քաղաքապետի կողմից այդպես էլ չի ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Հիշեցնենք, որ ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի՝ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 հազար դրամի չափով տուգանք։
Սակայն Կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովը չի հարուցել շահերի բախման իրավիճակի մասին հայտարարությունը չներկայացնելու հիմքով վարույթ, որովհետև չի ստուգել Զաքարյանի հայտարարագիրը։
Էդգար Զաքարյանը՝ որպես Երևանի ավագանու անդամ, պաշտոնավարման ընթացքում յուրաքանչյուր տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագիր։ Ի թիվս այլ տվյալների՝ պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրում նշել նաև համայնքի հետ իր կամ իրեն պատկանող ընկերությունների կնքած 5 մլն դրամը գերազանցող պայմանագրերի առկայության մասին։ Վերջինս իր 2022-ի տարեկան և 2023-ի պաշտոնի դադարեցման հայտարարագրերում չի լրացրել 2022 թվականին Երևանի քաղաքապետարանի հետ կնքված 14.3 մլն և 5․9 մլն դրամ արժողությամբ, 2023 թվականին՝ 10 մլն դրամ արժողությամբ պայմանագրերը։
Այսպիսով, Երևանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանի «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ընկերությունը նրա պաշտոնավարման ընթացքում մասնակցել է քաղաքապետարանի տասնյակ մրցույթների և հաղթել մի մասը՝ կնքելով ընդհանուր ավելի քան 31.6 միլիոն դրամի պայմանագրեր։ Բացի դրանից, թեև 2023-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնելը դարձել է պարտադիր, Երևանի քաղաքապետը նման հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։