Թուղթ ու հավելյալ ճնշում՝ կյանքի դիմաց. մեքենաներում գազաբալոնների պայթյունների թիվը շարունակում է աճել

Նոյեմբերի 11-ին Արմավիր քաղաքի գազալցակայաններից մեկում պայթեց «Գազել» մակնիշի բեռնատարի գազաբալոնը։ Պայթյունի հետևանքով տուժեց 2 քաղաքացի, վնասվեց կայանված 3 ավտոմեքենա։ «Ինֆոքոմի» տեղեկություններով՝ դիզելային վառելիքով աշխատող բեռնատար ավտոմեքենայի մեջ պայթել էր երկրորդ գազաբալոնը, որը վարորդը թաքցրել էր առաջինի հետևում։ Պայթած գազաբալոնը ճնշափորձարկում անցած չի եղել։ Դատախազությունն այս դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ՝ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը հոդվածով։ 

Սա 2025 թվականին ավտոմեքենաներում եղած պայթյունների 23-րդ դեպքն էր։ 

Ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ ՆԳՆ-ն և ո՛չ էլ Գլխավոր դատախազությունն ավտոտրանսպորտային միջոցներում առաջացած պայթյունների պատճառների մասին վիճակագրություն չեն վարում։ Գլխավոր դատախազությունից, սակայն, տեղեկացանք, որ ավտոմեքենաներում առաջացած պայթյունների դեպքերով 2023-2025 թվականներին նախաձեռնվել է 12 քրեական վարույթ։ Դրանցից 10-ը, որոնք նախաձեռնվել են անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու և պատասխանատու անձի կողմից տրանսպորտային միջոցը [․․․] տրանսպորտային այլ սարքավորումն անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու հիմքերով, այժմ նախաքննության փուլում են։ 

Թվերը փաստում են՝ պայթյուններն ավելացել են, թեև օրենքի փոփոխությունը հակառակ նպատակն ուներ

2005 թվականից մինչ 2021 թվականը գազաբալոն տեղադրող կազմակերպություններն աշխատել են հավատարմագրման եղանակով, որը վերահսկում էր Էկոնոմիկայի նախարարությունը։ Ոլորտի պատասխանատուները նշում էին, որ հավատարմագրումը ոլորտն ամբողջապես չի կանոնակարգել, և նոր փոփոխությունները նվազագույնի կհասցնեն գազաբալոնների պայթյունների դեպքերը: Դա է եղել պատճառը, որ ոլորտում օրենսդրական փոփոխություններ են կատարվել։ 

Առաջին քայլով վկայագրման պահանջն ու անհրաժեշտությունը տեղափոխվեցին լիցենզավորման ոլորտ։ Արդյունքում՝ գազաբալոններ վկայագրող կազմակերպությունները պարտադիր պետք է ունենան լիցենզիա։ 

Երկրորդ քայլով ստեղծվեց գազաբալոնների վկայագրման էլեկտրոնային շտեմարան, որտեղ լիցենզավորված ընկերությունները տեղադրման կամ վկայագրման ավարտից հետո մուտքագրում են ավտոմեքենայի և գազաբալոնի տվյալները, իսկ հաջորդիվ վարչական պատասխանատվություն սահմանվեց օրենքը խախտելու դեպքերի համար։ Փոփոխությունները մեկնարկեցին 2021 թվականի տարեսկզբին՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելով։ 

«Սա համարում եմ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում։ [․․․] Գիտենք, որ Հայաստանում գազաբալոններով աշխատող ավտոմեքենաների հսկայական քանակ կա, և ժամանակ առ ժամանակ մենք պարզապես սպասում ենք, թե հաջորդ պայթյունի լուրը երբ ենք տեսնելու լրահոսում։ Սա շատ լուրջ խնդիր է, և մենք պարտավոր ենք ապահովել շահագործողների և քաղաքացիների անվտանգությունը»,- 2022 թվականի ապրիլի 28-ի Կառավարության նիստում, խոսելով էլեկտրոնային շտեմարան ստեղծելու մասին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նոր կարգի համաձայն՝ գազաբալոնների տեղադրումը և դրանց պարբերական վկայագրումը պետք է իրականացնեն համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունն օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշել է, որ ոլորտում իրականացրած վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն՝ 2012-2018թթ․ (նախագիծը քննարկվել է 2018 թվականին,- հեղ․) ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարների «գերակշռող մասի պատճառ են եղել անորակ գազաբալոնները կամ ոչ պատշաճ որակավորում ունեցող մասնագետների կողմից տեղադրված լինելու փաստը, ինչպես նաև գազաբալոնների՝ սահմանված չափաբաժնից ավելի լիցքավորելը, որի արդյունքը եղել է մարդու կյանքին կամ առողջությանը պատճառված էական վնասը»:

Թեպետ նոր կարգավորումները նպատակ ունեին նաև նվազեցնել պայթյունների ռիսկերը, այդուհանդերձ Ներքին գործերի նախարարության՝ մեզ տրամադրած պաշտոնական տվյալները  այլ պատկեր են ցույց տալիս․ ավտոտրանսպորտային միջոցներում տեղի ունեցած պայթյունների թիվը տարեցտարի աճում է։ Եթե 2015-2022 թվականներին մեքենաներում գրանցվել է տարեկան միջինում 4 պայթյուն, ապա վերջին երեք տարում՝ 2023-2025-ին, այդ թիվը քառապատկվել է՝ հասնելով տարեկան միջինում 16-ի։ 

«Մի բան հաշվի առեք, որ շահագործվող տրանսպորտային միջոցների թիվը եռապատկվել է, այսինքն` տվյալները համեմատելու համար նաև պետք է համեմատել, թե ինչքան է ավելացել շահագործվող տրանսպորտային միջոցների թիվը»:

Տրանսպորտային միջոցների թվի աճը, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) տրամադրած տվյալների, իսկապես զգալի է։ Եթե 2019 թվականին տեխնիկական զննություն է անցել (ենթադրաբար շահագործվող) 294,039 մեքենա, ապա 2024-ին այդ թիվը հասել է 533,130-ի։ Այսինքն՝ մեքենաների քանակն ավելացել է 1.8 անգամ։

Սակայն գազաբալոնների պատճառով տեղի ունեցած պայթյունների թվի աճը այս ժամանակահատվածում ավելի բարձր է։ Եթե 2019-ին արձանագրվել է ընդամենը մեկ պայթյուն, 2021 և 2022 թվականներին 5-ական պայթյուն, ապա 2024-ին՝ արդեն 14։ Այսինքն՝ պայթյունների թիվը 2022-ի համեմատ աճել է 14 անգամ։

Նշենք, որ ոչ ՆԳՆ-ն, ոչ ՏԿԵՆ-ը ավտոտրանսպորտային միջոցների առանձին շահագործվող տեսակների մասին վիճակագրություն չունեն, այդ պատճառով անհնար է պարզել, թե այս տարիների ընթացքում Հայաստանում սեղմված կամ հեղուկ գազով աշխատող քանի ավտոմեքենա է ավելացել կամ պակասել։ Տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ չնայած շահագործվող մեքենաների քանակը զգալիորեն աճել է, պայթյունների թիվը աճել է էլ ավելի։

Հետաքրքիր է, որ աճը սկսվել է հենց այն ժամանակից, երբ ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխությունները։

Ոլորտում այժմ վերահսկողություն իրականացնում է երկու մարմին․ գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տրամադրում/կասեցնում է ՏԿԵ նախարարությունը, իսկ լիցենզավորված սուբյեկտների գործունեության կամ լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը վերապահված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին)։

Ավտոմեքենայի սեփականատերը գազաբալոնը մոտեցնում է լիցենզավորում ստացած իրավաբանական անձի արտադրական կայան, որտեղ պետք է իրականացվի գազաբալոնի տեխնիկական ստուգում, և որոշվի գազաբալոնի օգտագործման ժամկետը։ Կայաններում գազաբալոնը ստուգվում է, ճնշափորձարկվում, այնուհետև ավտոմեքենայի և գազաբալոնի տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային շտեմարան, և սեփականատիրոջը տրամադրվում է գազաբալոնի վկայագրումը հաստատող փաստաթուղթ։ Վկայագիրը պարտադիր է ներկայացնել գազալցակայան՝ ամեն անգամ մեքենան լիցքավորելուց առաջ։ Իսկ աշխատակիցը պարտավոր է ամեն անգամ մեքենան լիցքավորելուց առաջ ստուգել վկայագիրը, իսկ տվյալները՝ նույնականացնել։

Թուղթ ու հավելյալ ճնշում՝ կյանքի դիմաց

Գազաբալոնների տեղադրմամբ և ճնշափորձարկմամբ զբաղվելու համար պետք է ունենալ օրենքի պահանջներին համապատասխան արտադրական կայան՝ իր թանկարժեք սարքավորումներով, մասնագիտացված անձնակազմով, որը ժամանակ առ ժամանակ պետք է վերապատրաստումներ անցնի, պետք է ունենա լիցենզիա, և այլն։ 

ՏԿԵՆ-ը իրավաբանական անձանց այսպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա տրամադրելու համար ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը, արտադրական կայանը և սարքավորումները, և հետո միայն տալիս դրական կամ բացասական եզրակացություն։ Լիցենզիան տրվում է անժամկետ։ 

Հիշեցնենք, որ օրենքով արգելվում է գազաբալոնների տեղադրումն ու վկայագրումը չլիցենզավորված իրավաբանական անձանց կողմից։

Կազմակերպության՝ հայտում ներառվող փաստաթղթերի ցանկը կարճ չէ։ Մոտ տասը տարբեր փաստաթղթեր են անհրաժեշտ, որոնք ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէ։ Կարելի է ենթադրել, որ լիցենզիա ստանալու գործընթացի բարդությունն է նաև պատճառը, որ մինչ այժմ կան չլիցենզավորված արտադրական կայաններ, որոնք իրականացնում են գազաբալոնների տեղադրման և վկայագրման աշխատանքներ, և առանց գազաբալոնը ստուգելու՝ վարորդին «վաճառում են» վկայագրումը հաստատող փաստաթուղթ։ 

Արսենը տաքսի է վարում և գրեթե ամեն օր լիցքավորում է մեքենան։ Նա իր մեքենայի՝ գործարանային արտադրության պրոպան գազով աշխատող գազաբալոնը չի տարել փորձարկման, սակայն գումար է վճարել ճնշափորձարկման կայաններից մեկում աշխատող իր ծանոթին, որն էլ առանց գազաբալոնը ստուգելու՝ մեքենան վկայագրել է։ Արսենի խոսքով՝ խնդիր կա նոր ընդունված կարգավորումների մասով, քանի որ արտադրական կայանների մասնագետները չեն կարող քանդել և ստուգել գործարանային արտադրության հեղուկ պրոպան գազով աշխատող գազաբալոնները, դա ճշգրիտ կարող են անել միայն այն մասնագետները, որոնք հավաքել են այդ մեքենան։ 

«Ոչ ես, ոչ գազաբալոն ստուգողները վստահ չենք, որ այն քանդելուց հետո կարող են նորմալ հետ տեղադրել, և հետագայում խնդիր չառաջանա։ Ունեի ծանոթ մասնագետ, որը նայեց մեքենաս և ասաց, որ կվախենա գազաբալոնը հանել և նույնությամբ տեղադրել, և քանի որ առանց վկայագրի չէին լիցքավորում մեքենաս, ես էլ նրան վճարեցի՝ ստանալով վկայագիր»։

Հարցին, թե որքան է վճարել, միգուցե ավելի քի՞չ, Արսենն ասաց, որ վճարել է 12000 դրամ․ այնքան, որքան այդ ժամանակ արժեր գազաբալոնի վկայագրումը լիցենզավորված ընկերություններում։ Թեև համապատասխան փորձարկում չանցած գազաբալոնների առկայությունը մեծ ռիսկ է, սակայն կան այլ էական ռիսկեր ևս։ Դրանցից մեկը ավելի շատ գումար աշխատելու նպատակով գազաբալոնները նախատեսվածից շատ լիցքավորելն է։

Մեր զրուցակից ՏԿԵՆ Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը նկատում է, որ պայթյուններից տուժած մեքենաների մեծամասնությունը լիցքավորվել են ավելի բարձր ճնշմամբ, քան օրենքով սահմանված է։

«Մեծ մասամբ, դեպքերը այն գազաբալոնների հետ են կապված, որոնք այս կամ այն կերպ կարողացել են խուսափել վկայագրում անցնելուց։ Բացի այդ, այն մեքենաները, որոնք պայթել էին, հիմնականում լիցքավորվում են այն կայաններում, որոնք աշխատանքային ճնշումից շատ ավելի բարձր ճնշում են տալիս։ Այսինքն աշխատանքային ճնշումը 200-ն է, մաքսիմում 210-220, բայց կայաններ կան, որ 250 մինչև 300 ճնշում են տալիս»։

Մեր մյուս վարորդ զրուցակիցը՝ Նարեկ Մարտիրոսյանը, ևս նկատել է, որ լցակայաններում գերազանցում են սահմանված նորմերը։

«Ես ուսումնասիրել եմ, որ 220 ճնշումն ա օպտիմալ, որ գազաբալոնը երկար ծառայի ու չպայթի լցնելու ժամանակ։ Որ գնում եմ գազ լցնելու, անպայման ասում եմ, որ դրանից ավելի չլցնեն, որ չես ասում, մինիմում 230 ճնշում տալիս են, մաքսիմումն էլ դե շատ ա, մինչև 260-270»։

Նարեկն իր մեքենայի համար գազաբալոն է գնել անհատ վաճառողից, որը գազաբալոնը նախկինում վկայագրել է։ Ասում է, որ վկայագիրը վավեր է մինչև մյուս տարվա օգոստոս, սակայն չօգտագործելու պատճառով չի էլ հիշում, թե որտեղ է։ Չի օգտագործում, որովհետև ոչ մի լցակայանում նրանից վկայագիր չեն պահանջում, իսկ գազաբալոնի տվյալները չեն նույնականացնում էլեկտրոնային շտեմարանում․

«Մի անգամ պարեկները հավաքված էին լցակայանում, որտեղ մեքենան լիցքավորում էի, աշխատակիցը հարցրեց՝ ախպերս թուղթ ունե՞ս, ուղղակի ստեղ են էլի սաղ։ Ուրախացա, որ հարցնում են, ասի հա, ցույց տա՞մ, ասեց՝ չէ ախպերս, որ ասում ես, հավատում եմ, հո չէ՞իր խաբի»։

Ինչ խախտումներ են թույլ տալիս լիցենզավորված կայանները

Չնայած ՏԿԵՆ-ը լիցենզիան տրամադրում է անժամկետ, բայց կան պահանջներ, որոնք չպահպանելու դեպքում կասեցնում է կայանի լիցենզիան։ Օրինակ՝ երբ գործունեությունը իրականացվում է լիցենզիայի պայմանների խախտմամբ՝ վտանգելով մարդկանց առողջությունն ու անվտանգությունը, կամ լիցենզավորված ընկերությունը խոչընդոտում է վերահսկող մարմնի ստուգումները։

2022-2025 թթ․-ին Երևանում և մարզերում 122 տնտեսվարող ՏԿԵՆ-ից ստացել է լիցենզիա՝ գազաբալոնների տեղադրման և/կամ փորձարկման գործունեություն իրականացնելու համար։ 122 տնտեսվարողից 17-ի դեպքում նախարարությունը լիցենզիան կասեցրել է։ 

Լիզենցիան կասեցնելու միջնորդություն նախարարությանը ներկայացնում է Տեսչական մարմնին, որը պլանային և ոչ պլանային ստուգումներ է իրականացնում կայաններում։ 2022-2025 թվականներին Տեսչական մարմինը 19 լիցենզավորված կայաններում իրականացրել է ոչ պլանային ստուգումներ։ 

Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը պատմում է․ 

«Մենք հաշվարկել էինք աշխատանքային օրվա ընթացքում մեկ մեքենային բաժին հասնող ճնշափորձարկման ժամանակահատվածը, ու եկել էինք այն օբյեկտիվ եզրահանգման, որ ֆիզիկապես օրվա կամ ամսվա ընթացքում այդ կայաններում հնարավոր չէր ապահովել ճնշափորձարկում անցած մեքենաների այն թիվը, որը ներկայացրել էին ստուգման ընթացքում։ Միջնորդություն ներկայացրած 19 կայաններից շատերի կասեցումը եղել է այն հիմքով, որ օրվա, ամսվա մեջ ավելի շատ վկայագիր են տվել, քան կարող էին պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում»։

 

Եղել են դեպքեր, երբ տեսուչները օպերատիվ այցի ժամանակ գաղտնի տեսանկարահանել են ճնշափորձարկման կայանում մեքենայի մուտքի և ելքի ժամանակահատվածը, որը տևել է շատ կարճ։

«Դեպքեր են եղել, երբ մեքենան մտել է փորձարկման, երեք րոպե անց դուրս է եկել, իսկ երեք րոպեում գազաբալոնի ճնշափորձարկումն անհնար է։ Ստացվում է՝ ուղղակի թուղթ է վերցրել և դուրս եկել: Ունեցել ենք բողոքներ, թեժ գծով ահազանգեր, երբ քաղաքացիները զանգում են ու հենց իրենք են ասում, որ գնացել են և մեքենան երեք րոպեում ճնշափորձարկել, հետո ասել են` ամեն ինչ նորմալ է, գազաբալոնը ճնշփորձարկված է, ու փաստացի թուղթ են վաճառել»։

Սա միակ խնդիրը չէ, որին բախվում է Տեսչական մարմինը։ Խնդիրների մասին ահազանգող քաղաքացիներից շատ-շատերը խուսափում են տվյալներ ներկայացնել, հասցե տրամադրել՝ պատճառաբանելով, որ «գործ տվող չեն»։

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի թեժ գծի համարն է 85 10, որով ընդունվում են նաև անանուն զանգեր։ 

«Եթե քաղաքացին չի ուզում, որ իր տվյալները հանրայնացվեն, մենք ընդունում ենք նաև անանուն զանգեր․ մեզ պետք է խնդիրը և խնդրի հասցեն»,- ասում է Ելենա Զոհրաբյանը և վարորդներին հորդորում հաշվի առնել, որ եթե ճնշափորձարկումը հավաստող վկայագիրը ապօրինի գնում են, այդ թուղթը գնում են իրենց կյանքի հաշվին։

Տեսչական մարմինը, սակայն, լիցենզիայի կասեցման իրավասություն չունի, այն միայն միջնորդություն է ներկայացնում ՏԿԵՆ, իսկ ՏԿԵՆ-ը, քննարկելով լիցենզիաների գործողության կասեցման նպատակահարմարության հարցը, որոշում է՝ զրկել լիցենզիայից, թե՝ ոչ։ Արդյունքում՝ կասեցման միջնորդության ներկայացված լիցենզավորված 19 կայաններից 17-ի դեպքում է միայն նախարարությունը զրկել լիցենզիայից։

Վերահսկողական նոր գործիք՝ Տեսչական մարմնի ձեռքում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է նորից խստացնել գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացում վերահսկողությունը։  Նախատեսվում է Տեսչական մարմնին տալ նոր լիազորություններ՝ ստուգումների ընթացքում ապացույցներ հավաքելու և իրավախախտումները կանխելու նպատակով։

Ելենա Զոհրաբյանը նշում է, որ իրավական ակտի ընդունումից հետո վերահսկող մարմնի գործառույթները կխստացվեն և կընդլայնվեն․ տեսուչները կկարողանան այցելել ցանկացած հասցե ու ճնշափորձարկման կայանից պահանջել կոնկրետ օրերի/ժամերի տեսաձայնագրություններ։  Դրանք չտրամադրելը կդիտարկվի որպես խոչընդոտ և կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ նաև հիմք դառնալով լիազոր մարմնին կրկին դիմելու համար։ Նշենք, որ ՏԿԵՆ-ն առաջարկում է ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը տեսագրել, որոնք կպահպանվեն առնվազն 6 ամիս ժամկետով։

Լիցենզիայի կասեցումը օրենքի պահանջների խախտման միակ հետևանքը չէ։ Եթե խախտվեն գազաբալոնների տեղադրման և վկայագրման համար նախատեսված լիցենզիայի պահանջները, ապա համապատասխան անձինք կարող են տուգանվել  100․000 – 200․000 դրամի չափով, իսկ գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան չմուտքագրելու դեպքում՝ 300․000-500․000 դրամի չափով։

2023 թվականի փետրվարի 19-ին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում հերթափոխի պետը ավտոմեքենան լիցքավորելուց առաջ չի նույնականացրել ավտոմեքենայի ու գազաբալոնի տվյալները, և առանց նույնականացված լինելու հաստատումը ստանալու՝ թույլատրել է լիցքավորել ավտոմեքենայի գազաբալոնը։ Արդյունքում՝ աշխատակիցը լիցքավորել է մի ավտոմեքենա, որը չուներ գազաբալոնի վկայագիր և ճնշափորձարկման վերաբերյալ վկայական։ Այս անփութության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել ավտոմեքենայի բեռնախցիկում, որի արդյունքում մեկ հոգի ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Դատարանը գազալցակայանի աշխատակցի նկատմամբ որպես պատիժ նշանակել է 160 ժամ տևողությամբ հանրային աշխատանքների կատարումը։

Գազաբալոնները լիցքավորելիս չնույնականացնելու դեպքերը բազմաթիվ են։ Դրա մասին են վկայում նաև 2022-2025թթ․-ին Տեսչական մարմնի իրականացրած մշտադիտարկումները՝ գտնելու առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու գազաբալոնների լիցքավորման դեպքեր։ 

Վերջին երկու տարում արձանագրությունների թիվն էական նվազել է մեկ պատճառով․ տնտեսվարողները դատական հայցեր են ներկայացնում ընդդեմ Տեսչական մարմնի, որոնց մեծամասնությունը բավարարվում է, և դատարանը անվավեր է ճանաչում Տեսչական մարմնի որոշումները։ 

Այդ դեպքերից մեկով 2023 թվականի հոկտեմբերին Տեսչական մարմինը տուգանել էր «Այմեգա» ՍՊԸ-ի տնօրենին 200 հազար դրամով։ Տեսչական մարմինն իր արձանագրության մեջ նշել էր, որ գազալցակայանի աշխատակիցն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն ստանալու լիցքավորել է ավտոմեքենա։ Ընկերության տնօրենն իր հայցում պնդում էր, որ Տեսչական մարմինը որևէ ձևով չի հիմնավորել, որ այդ մեքենան լիցքավորվել է, ինչպես նաև իրավախախտման արձանագրությունը Տեսչական մարմնի աշխատակիցը կազմել է առանց իր ներկայության: 

2022 թվականին՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, Տեսչական մարմինը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1222 արձանագրություն, որից 749-ը՝ Երևանում։

Գազաբալոնի պայթյունի հետևանքով մեկ այլ դժբախտ պատահար է տեղի ունեցել անցյալ տարի Դդմաշենում։ «Ինֆոքոմի» տեղեկություններով՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորին թաքցնելով մեքենայում, գազալցակայանի աշխատակցին դիտավորյալ չէր զգուշացրել այդ մասին։ Արդյունքում՝ աշխատակիցը, մտածելով, որ մեքենայում ուղևորներ չկան, մեքենան սկսել է լիցքավորել, ինչից 1․5 րոպե անց գազաբալոնը պայթել է, իսկ մեքենայում գտնվող կինը՝ մահացել։ Պայթյունի հետևանքով տուժել է նաև լցակայանի աշխատակիցը։ Արդյոք գազաբալոնը ճնշափորձարկում անցել էր, թե ոչ՝ պետք է ցույց տա համալիր փորձաքննությունը, որը մեկ տարի անց դեռ չի ավարտվել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որևէ մեղադրյալ չկա։ 

Ամփոփում

2025 թ․-ի տարեվերջի տվյալներով՝ էլեկտրոնային շտեմարանում նույնականացվել է 521․086 գազաբալոն, որից 506․697-ը՝ վկայագրվել, իսկ 14․407-ը տեղադրվել են լիցենզավորված կազմակերպությունների կողմից։ Տարիների ընթացքում մեծանում է ավտոտրանսպորտային միջոցների թիվը, դրան զուգահեռ էլ ավելի մեծանում է նաև գազաբալոնների պայթյունների թիվը։ 

Մինչ պատասխանատու մարմինները փորձում են նոր իրավակարգավորումներով վերահսկողությունը խստացնել, վարորդների մի մասը շարունակում է շահագործել չլիցենզավորված կամ գնված վկայագրերով գազաբալոններ՝ շրջանցելով անվտանգության նվազագույն պահանջները։ 

Նույն կերպ էլ բազմաթիվ գազալցակայաններ, շահագրգռված շահույթ ստանալով, առանց զննության լիցքավորում են այդ բալոնները՝ ավելացնելով պայթյունների վտանգը և թիվը։ Իրականությունն ավելի մտահոգիչ է դառնում, երբ նկատում ենք, որ օրենքի փոփոխություններից հետո ընդամենը 3 տարվա ընթացքում գազաբալոնների պայթյունների թիվը եռապատկվել է։ Եվ մինչ պատասխանատու մարմինները փորձում են վերահսկողությունը խստացնել, քաղաքացու կյանքը կախված է մնում այն թղթից, որի գինը մի օր կարող է դառնալ իր կամ այլոց կյանքը։