Սուսինա Խաչատրյան

Լրագրող

Ավարտել եմ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը՝ ստանալով հեռուստառադիոլրագրողի որակավորում։ 2020-2021 թվականներին սովորել եմ «Հետք մեդիա գործարանում»՝ խորացնելով գիտելիքներս և հմտություններս հետաքննական, տվյալների և մուլտիմեդիա լրագրության ոլորտներում։

Մասնագիտական գործունեությունս սկսել եմ ուսանողական տարիներին։ 2018-ից առ այսօր որպես հաղորդավար համագործակցում եմ Մանկավարժական համալսարանի և ATV հեռուստաընկերության հետ՝ վարելով «Հաջողության բանաձև» և «Սովորեցնում ենք սովորել» կրթական հաղորդաշարերը։

2021-2024 թվականներին աշխատել եմ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնում (հայտնի՝ «Հոդված 3» ակումբ անունով), որտեղ զբաղվել եմ մեդիա հաղորդակցմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության և իրազեկման նախաձեռնությունների շրջանակում։ Որպես մուլտիմեդիա լրագրող համագործակցել եմ մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ պատրաստելով հետազոտական հոդվածներ և ստեղծելով վիզուալ բովանդակություն։ Համահեղինակած «Պատերազմով անցած եղբայրություն» ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում իրականացված կարճրամետրաժ վավերագրական ֆիլմերի փառատոնի ժամանակ։

2024 թվականից միացել եմ սիրելի «Ինֆոքոմի» թիմին՝ որպես լրագրող ներգրավվելով հետաքննական և հետազոտական նախագծերում։ Իմ աշխատանքի հիմքում հանրային շահի պաշտպանությունն է՝ հիմնված փաստերի, տվյալների վերլուծության և բազմաաղբյուր տեղեկատվության վրա։

«Թվապատում 2024» լրագրողական մրցույթում իմ համահեղինակած «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» նյութը ստացել է «Մեդիա 3.0. Տեխնոլոգիաների կիրառում» անվանակարգի մրցանակը։

Շատ եմ կարդում հոգեբանության մասին և սիրում եմ լուսանկարել կյանքն այնպես, ինչպես որ կա։