hetq.am Վարչապետի ընդամենը մեկ հրահանգով և ՊԵԿ-ի ձեռամբ օրերս փակվեցին տեխնիկայի առևտրով զբաղվող «Red Store» («Ռեդ սթոր») խանութները, որոնց մի մասը շարունակում է փակ մնալ։ Հրահանգի պատճառը անկանխիկի առևտրի դեպքում այլ գին սահմանելն էր։ «Հետք»-ը դեռևս տարիներ առաջ է գրել հայաստանյան խանութներում այս երևույթի մասին, և որպես կոնկրետ օրինակ, նշել նաև այս խանութը։ Այդ ժամանակ ՊԵԿ-ը համարել էր, որ այդ երևույթը վերահսկելու գործառույթ չունի։
«Ձևը գտե՛ք, փակե՛ք էդ խանութը»
Կառավարության վերջին նիստին (դեկտեմբերի 18-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ՊԵԿ նախագահ Էդուրադ Հակոբյանին «ձևը գտնել» և փակել այն խանութը, որը ապրանք վաճառելիս կանխիկով վճարման դեպքում այլ գին է սահմանում, անկանխիկի դեպքում՝ այլ։
Հրահանգի համար պատճառ է հանդիսացել այն, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներն այդ խանութից առևտուր անելիս էին տեղեկացել կանխիկի և քարտային վճարման տարբեր գների մասին։
«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ։ Չգիտեմ՝ ասածս ինչքանով է… փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»,- ՊԵԿ նախագահին հրահանգեց վարչապետը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Red Store»- խանութների ցանցի մասին է խոսքը, որոնք այս հայտարարությունից շատ չանցած փակվեցին։ Դեկտեմբերի 22-ին «Red Store»-ի ֆեյսբուքյան էջում հայտարարվեց, որ երկու խանութ-սրահները արդեն բացվել են (պարզ չէ՝ վարչապետի անձնական թույլտվությա՞մբ, թե՞ ոչ), իսկ մնացած 4 մասնաճյուղերը կբացվեն շուտով։

Դեկտեմբերի 22-ին ՊԵԿ-ն էլ հայտարարություն տարածեց, որ դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և հարկային վարչարարություն։
Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությանը նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել դեռևս 2024-ի սեպտեմբերից
Թեև ՊԵԿ-ը շտապեց «Red Store»-ի «հետևից գնալ» վարչապետի հրահանգից անմիջապես հետո, ցանցի խանութները ևս փակվեցին այդ հրահանգից հետո, սակայն ՊԵԿ-ը պնդում է, որ այդ ընկերության նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել դեռևս 2024-ի սեպտեմբերից։
Ըստ ՊԵԿ-ի՝ պարզվել է, որ ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն։
Ստացվել են նաև տեղեկություններ, որ ընկերության կողմից փորձ է կատարվել մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, որը կանխվել է։
Պարզվել է նաև, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է իրականացնել այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային «բարենպաստ» պայմաններից օգտվելու նպատակով։ Հավանաբար, այստեղ խոսքը քիչ շրջանառություն ցույց տալու և միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի համակարգում աշխատելու մասին է։
Արդյունքում, հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է վնաս՝ 64․5 մլն դրամի չափով։ Առերևույթ հանցագործության հատկանիշներով 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։
2025 թվականի հոկտեմբերին կրկին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեության իրական ծավալները թերհայտարարագրել։
Ընկերության նկատմամբ նաև հարկային վարչարարություն է իրականացվել։
«Ընկերությունում գրանցման օրվանից՝ 2019 թվականի մայիսի 10-ից, առ այսօր հարկային վարչարարության շրջանակում, մասնավորապես, իրականացվել է 23 թեմատիկ ստուգում, արձանագրվել է 5․8 մլն դրամի չափով տուգանք, որից՝ 4․2 մլն դրամի չափով տուգանքը 2025 թվականի ընթացքում»,- նշված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
Ի դեպ, Էդուրադ Հակոբյանը ՊԵԿ նախագահ է նշանակվել 2024 թվականի նոյեմբերի 28-ին, մինչդեռ «Red Store»-ում կատարված ստուգումները, ինչպես նշված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում, սկսվել են դեռևս 2024-ի սեպտեմբերից։
ՊԵԿ-ը ընկերության անունը կրճատ է նշել՝ «Ն․ Ս․» ընկերություն (ամբողջականը՝ «Նոթբուքսթոր» ՍՊԸ)։ Ընկերության պաշտոնական կայքը, որն այսօր առավոտյան չէր գործում, այս պահին աշխատում է։
Ինչու՞ է վարչապետի աշխատակազմը միայն հիմա տեսել խնդիրը, որը վաղուց կա Հայաստանում
Այսպիսով, ՊԵԿ-ը պնդում է, որ «Red Store» ցանցին տուգանելու և Քննչական կոմիտե հաղորդում ներկայացնելու համար հիմքեր է ունեցել դեռևս նախորդ տարվանից։ Սակայն, փաստացի այս աղմուկը և խանութների փակումը անմիջապես հետևեցին վարչապետի հրահանգին։
Ընդ որում, խանութը թիրախավորելու պատճառը նույն ապրանքի համար կանխիկի և անկանխիկի տարբեր գներն էին, սակայն, ՊԵԿ-ը գտել է շատ ավելի մեծ խախտումներ։ ՊԵԿ-ի հաղորդագրությունից պարզ չէ՝ դրանց մեջ կա՞ն խախտումներ, որոնք պայմանավորված են կանխիկի և անկանխիկի գնային տարբերություններով։
Թեև տնտեսվարողի կողմից հարկեր թաքցնելը չի արդարացվում, սակայն ուշագրավ է, որ թիրախավորվում է մեկ ընկերություն այն երևույթի համար, որը Հայաստանում վաղուց կա։
Դեռևս 2023 թվականի մարտին հրապարակված մի հոդվածումը «Հետք»-ը գրել է, որ ապրանքների կանխիկ և անկանխիկ արժեքների տարբերություն է արձանագրել էլեկտրատեխնիկայի բազմաթիվ խանութներում։ Պետական մարմիններից և ոչ մեկը, մասնավորապես՝ ՊԵԿ-ը, մրցակցության հանձնաժողովը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այդ ժամանակ չի համարել, որ այն վերահսկելու գործառույթ ունի։ Մինչդեռ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը այստեղ սպառողների իրավունքների ոտնահարում է տեսել, ինչպես նաև՝ օրենքի խախտման և ստվերային գործունեության ռիսկեր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում