ՌԴ-ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով ՀՀ մատակարարվող բեռների ցանկի ընդլայնումը. Օվերչուկ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանկն ընդլայնելու հնարավորությունը։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։

Օվերչուկը նշել է, որ հացահատիկից բացի, քննարկվում են պարարտանյութերի մատակարարման, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման տարբերակները։

«Կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, մենք դա իսկապես կարևոր ենք համարում` ռուսական հացահատիկով բեռնված առաջին գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տեղափոխվել է Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյության ընթացքում առաջին անգամ անցավ հացահատիկով բեռնված առաջին գնացքը», – ասել է նա։

Փոխվարչապետը հստակեցրել է, որ մշակվում է այդ տրանսպորտային միջանցքն այլ տեսակի բեռների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը։

Բացի այդ, Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքով շարժակազմ։ Զուգահեռաբար Մոսկվան և Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների կազմակերպման հեռանկարը։

Փոխվարչապետի խոսքով՝ նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ դրանք սկսում են գործնական բովանդակություն ստանալ։

Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։

Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն