civilnet.am Վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը երկրի տարածքից։ Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստին։ Որոշման նպատակն է՝ կանխել Սևանա լճի կենսապաշարների սպառումը և ապահովել ձկնատեսակի բնական վերարտադրությունը։
Գործադիրի այս որոշումը հիմնավորվում է պարենային անվտանգության և կենսաբազմազանության պահպանման հրամայականով, քանի որ, չնայած վերջին տարիներին սիգի կենսազանգվածի կայունացմանը, պաշարների ներկայիս մակարդակը դեռևս չի հասել օպտիմալ գիտական շեմին։
Մասնավորապես, եթե 2025-ի համար սահմանվել է 1123 տոննա արդյունագործական որսի չափաքանակ, ապա գիտական տվյալները փաստում են, որ լճի էկոհամակարգի բնականոն վիճակի համար անհրաժեշտ է հասնել շուրջ 10,000 տոննա ընդհանուր պաշարի։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային շուկայում ձկնկիթի բարձր արժեքը ստեղծում է մարդածին մեծ ճնշում և սպառողական վերաբերմունք, ինչը կարող է վտանգել ձկնատեսակի վերարտադրության փուլը, որը սովորաբար տևում է նոյեմբերից մինչև փետրվար։