civilnet.am Կառավարությունը վերանայում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հողամասերի տրամադրման իրավական հիմքերը: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 25-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Օրենքի նախագիծը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, այն չի առնչվելու մինչ այս եկեղեցուն տրամադրած հողամասերին։
Գործող կարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար եկեղեցուն տրամադրվում են անհատույց սեփականության իրավունքով: Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հողամասերն այսուհետ հատկացնել անհատույց օգտագործման իրավունքով:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված այս նախաձեռնությունը միտված է հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Փոփոխությունը պետական կամ տեղական բյուջեների եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսում:
Այս գործողություններին իշխանությունը գնում է Մայր Աթոռի վերնախավի միջև հակամարտության ֆոնին։ Ավելի քան կես տարի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը։