civilnet.am Կառավարությունը որոշել է, որ այսուհետ միայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է համարվելու մթնոլորտային օդի որակի պետական մոնիտորինգ իրականացնող և պաշտոնական տվյալներ տրամադրող միակ մասնագիտական կառույցը։ Համապատասխան որոշումը հավանություն է ստացել կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին։
Գործադիրի այս քայլը հիմնավորվում է մասնավոր ընկերությունների և տարբեր հարթակների կողմից տարածվող ոչ ճշգրիտ տվյալների հոսքը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
Կառավարության պարզաբանմամբ՝ միջազգային հարթակներում, այդ թվում՝ IQAir-ում և Երևանի քաղաքապետարանի կողմից շինհրապարակներում տեղադրված Clarity Node-S սարքավորումների տվյալները հաճախ սխալ են ընկալվում հանրության կողմից որպես քաղաքի օդի որակի ընդհանուր ցուցանիշներ։ Մասնագիտական հիմնավորման համաձայն՝ այդ սարքերը տեղակայված են լոկալ «թեժ կետերում», զգայուն են եղանակային պայմանների նկատմամբ և չեն համապատասխանում ազգային օրենսդրության գնահատման չափանիշներին։
Նոր նախագծի նպատակն է ներդնել օդի որակի գնահատման եվրոպական չափանիշներին մոտարկված ինդեքս, որը հասանելի և հասկանալի կդարձնի տեղեկատվությունը հատկապես զգայուն և խոցելի խմբերի համար։ Կարգավորումը նախատեսում է նաև հստակ ընթացակարգեր աղտոտվածության շեմերի գերազանցման դեպքում պետական մարմինների գործողությունների և բնակչության իրազեկման վերաբերյալ։ Որոշումն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2030-ի հունվարի 1-ից, երբ հանրապետության ողջ տարածքում կավարտվի միջազգային չափանիշներին համապատասխանող և իրական ժամանակում (real-time) աշխատող մոնիտորինգային ավտոմատ ցանցի ներդրումը։