armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական տարբեր կառույցներում պարգևավճարների վճարման վերաբերյալ շրջանառվող լուրերին։
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարությունը ներդնում է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ։ «Մենք նաև հրաժարվում ենք պետական կառավարման այն համակարգից, երբ բոլորը համատարած ստանում են նույն դրույքաչափերը։ Սա կառավարելիությունը նվազեցնում է, մյուս կողմից էլ նվազեցնում է մոտիվացիաները, երբ մարդը, որն ավելի շատ ջանք է գործադրել, ավելի շատ արդյունք է արձանագրել, ստանում է նույնչափ վարձատրություն, որքան մյուսը, որն այնքան էլ ջանասեր չի գտնվել։ Մենք պիլոտային համակարգ ենք ներդրել, և մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգը հասել է այն կետին, որ նախ պետական համակարգում վարձատրությունները պետք է մրցունակ լինեն մասնավորի հետ։ Եթե մենք ասում ենք, որ 2017 թվականի համեմատ պետբյուջեի եկամտային մասը 130 տոկոսով ավելացել է, դա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը 130 տոկոսով ավելի շատ ջանք է ներդնում, բայց բյուջեն հավաքելուց հետո նաև արդյունավետ ծախսման խնդիրը կա, և մենք պետք է այնպես անենք, որ ավելի ու ավելի պրոֆեսիոնալ դառնալու ճիշտ մոտիվներ գործեն պետական կառավարման համակարգում։ Նախ ոչ միայն պետական համակարգից պետք է հոսք դեպի մասնավոր հատված, այլ մասնավոր հատվածից դեպի պետական հատված, դրա համար պետք է վարձատրությունների գոնե համեմատելի հնարավորություն լինի»,- մանրամասնեց նա։
Վարչապետը ներկայացրեց համակարգի ևս մեկ կարևոր առանձնահատկություն։ «Մենք դրել ենք պարտադիր պայման, որ լրացուցիչ վարձատրություն ստացողը դրա որոշակի տոկոսը, եթե չեմ սխալվում, 10 տոկոսը, պետք է ծախսի իր կրթական և պրոֆեսիոնալ հատկությունները զարգացնելու ուղղությամբ, այսինքն՝ իր կրթության վրա պետք է ներդրում անի։ Ես կարծում եմ, որ մեր պետությունը հասել է այն կետին, որ մենք պետք է այսպիսի ներդրում անենք մեր պետական համակարգում, և ամբողջ բուրգով այդ համակարգը ներդրվում է։ Սա նաև պետության դերը, նշանակությունը, պետությունը զարգացնելու, ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում է»,- եզրափակեց Փաշինյանը։
Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում պետական տարբեր կառույցներում խոշոր պարգևավճարների վճարման վերաբերյալ։ Մասնավորապես լայն քննարկումներ են ծավալվել Պաշտպանության նախարարությունում և Ազգային ժողովում վճարված պարգևավճարների շուրջ։