Ծայրագավառային տրամաբանություն. վարչապետը՝ Կաթողիկոսի ընտրության շուրջ լուրերի մասին | 1lurer.am

1lurer.am  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վերջին շրջանում շրջանառվող այն լուրերին, թե, իբր, Թուրքիայի նախագահն արդեն որոշում ունի, թե ով է լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը, և այդ հարցով քաղաքական խորհրդակցություններ են ընթանում Թուրքիայի իշխանությունների հետ։ Մեկնաբանելով այս խոսակցությունները՝ վարչապետը նշել է, որ նման մեկնաբանություններն իրեն չեն զարմացնում՝ հաշվի առնելով պատմական համատեքստը։

Փաշինյանն ընդգծել է, որ դարեր շարունակ Հայ եկեղեցու առաջնորդի ընտրության հարցում վճռորոշ դեր են ունեցել օտար տիրակալները։

«Ես չեմ զարմանում տենց մեկնաբանություններից, որովհետև դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Որոշ դարեր ի վեր՝ Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարեր ի վեր՝ Ռուսաստանի ղեկավարը, և այդպես շարունակ»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով եկեղեցու նոր կանոնադրության անհրաժեշտությանը և դրա դեմ եղած դիմադրությանը՝ Փաշինյանը նկատել է.

«Մինչև հիմա վերջին էդպիսի փաստաթղթերը, որ ընդունվել են, ընդունվել են կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական կայսրության ֆորմատով։ Տենց կուլտուրա չկա։ Որ Թուրքիայի սուլթանի ընդունած կանոնակարգումներն են շատ, որ մինչև էսօր կա՛մ գործում են դե յուրե, կա՛մ Ռուսաստանի ցարի՝ էդ մարդկանց տարօրինակ չի թվում»։

Վարչապետը բացատրել է, թե ինչու են ծագում նման դավադրության տեսություններ։ Ըստ նրա՝ գործում է ենթագիտակցական մի մեխանիզմ, որը նա որակել է որպես «ծայրագավառային տրամաբանություն»։

«Քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, հետևաբար, եթե Հայաստանի ղեկավարը այդպիսի թեմաներ է արծարծում, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Ծայրագավառային տրամաբանություն… կամ ուրիշ տարբերակով՝ Ռուսաստանի, կամ Պարսկաստանի»։

Նիկոլ Փաշինյանն այս խնդիրը կապել է պետականության ընկալման բացակայության հետ։ Նա հիշեցրել է իր բանաձևը՝ «Հայրենիքը պետությունն է», և նշել, որ հարյուրամյակներ շարունակ հայերի համար հայրենիքը և պետությունը տարբեր հասկացություններ են եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն